Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ անիմաստ է Անկարայի բացակայության պարագայում քննարկել թուրք-սիրիական սահմանի փակման հարցը:
Նախօրեին Կրեմլի մամլո ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է թուրք-սիրիական սահմանի փակման անհրաժեշտությունը:
Դրա հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է. «Անիմաստ է առանց Թուրքիայի դա քննարկել երկու առաջնորդների բանակցություններում: Թուրքական սահմանները հետաքրքրում են միայն Թուրքիային, և նա է ընդունում վերջնական որոշում:
Մեր սահմանները բաց են միայն փախստականների համար հումանիտար նպատակներով: Աշխարհը պետք է դրա համար շնորհակալ լինի Թուրքիային, և ոչ ոք իրավասու չէ հաշիվ ներկայացնել մեզ»,- ասել է նա:








































