Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացը իր որակով, իր օդիոզ սուբյեկտների ամբողջությամբ, իր մականունավոր հերոսներով, կիսաքրեական կամ քրեական հեղինակություններով, օրակարգում առկա լրջագույն խնդիրներով և դատարկվող երկրով, արդեն իսկ ողբերգություն է։ Մենք հասել ենք փաստացի մի եզրի, երբ արդեն ասելու բան չունենք: Ինչ ասենք, ում ասենք, ինչպես ասենք: Այլևս ինչպես ասենք Հայաստանի պաշտպանության նախարարին, Գերագույն գլխավոր հրամանատարին, որ պետք է ձեռնարկել անհապաղ և կտրուկ քայլեր բանակի վերազինման, արդիականացման և վերակազմակերպման համար։ Իշխանությունը պետք է անհապաղ սեփական գրպաններից գտնի միջոցներ Հայաստանի և Արցախի առաջնագիծը գերժամանակակից պաշտպանական տեսքի և որակի բերելու։
Հասկանալի է, որ նրանք դժվար էլ պատկերացնեն նման բան, որովհետև իրենց որդիները կիլոմետրերով հեռու են պահվում բանակից, պահվում են փափուկ, ոսկեջրած իրականության մեջ, բայց թող մի պահ շատ ջանք թափեն ու պատկերացնեն: Եվ եթե չխելագարվեն այդ պատկերացումներից, այդ ապրումներից, թող սկսեն լրջորեն մտածել իրավիճակը փոխելու ուղղությամբ անելիքների մասին: Թեև նրանց մտածելու լիմիտն էլ վաղուց սպառվել է: Հանրությունը նրանց շատ տվեց մտածելու հնարավորություն: Հանրությունն, օրինակ, բավական քարտ-բլանշ տվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ նա կարողանա բանակում կատարել արմատական վերանայումներ, կադրային լուծումներ գտնի, նաև հասարակության աջակցությունից օգտվի: Բայց Սեյրան Օհանյանը այս ողջ ժամանակահատվածում չկարողացավ դուրս գալ բանակի կառավարման ավանդական պատկերացումներից և ընդամենը սկսեց հասարակության մեջ թշնամիներ փնտրել: Դրա հետևանքը այն է, որ բանակում շարունակում է իր համար անարգել գոյություն ապահովել բանակի թշնամին, հասարակության թշնամին, որ խժռում է հայ զինվորների կյանքը: Սեյրան Օհանյանը պետք է ընտրություն կատարի՝ ձեռնամուխ լինել անհապաղ գործողությունների կամ հրաժարական տալ, եթե չի ցանկանում վերջնականապես և անբեկանելիորեն մնալ ստեղծված իրավիճակի պատասխանատվության տակ: Հետևաբար, պաշտպանության նախարարը պետք է առանց վարանելու զբաղվի բանակում բույն դրած «թշնամիներով», կամ էլ պետք է գոնե հրաժարական տա՝ սպայի պատվից ելնելով:
Միևնույն ժամանակ, նաև պարզ են պատճառները, թե ինչու է իշխանությունն այսքան անտարբեր եղել բանակի իրական խնդիրների առջև։ Ինչ խոսք, իշխանությունն ինքն էլ չէր ցանկանա, որ իրավիճակը բանակում լիներ այդպես ողբերգական, բայց խնդիրն այն է, որ դրա դեմն առնելու համար պետք էր, իսկ հիմա անհրաժեշտ է լրջորեն սանձել բանակի, այսպես կոչված, դաշտային գեներալակազմին: Մինչդեռ այդ դաշտային մտածողության և հոգեբանության տեր մարդիկ են, որ նպաստում են իշխանության վերարտադրությանը ընտրական գործընթացներում: Այսինքն` Հայաստանի իշխանության համար կշեռքի մի նժարին իշխանությունը պահպանելու հարցն է, իսկ մյուս նժարին՝ զինվորների կյանքը պահպանելու հարցը: Եվ այդ պայմաններում իշխանությունն ընտրել է իր դիրքերը, չցանկանալով հատկապես ընտրություններից առաջ նեղացնել գեներալներին: Իսկ զինվորների կյանքը՝ ինչպես դասավորվի: Եթե ինչ- որ բան էլ տեղի ունենա, ապա կարելի է նենգափոխել իրողությունները, հասարակության մեջ թշնամիներ որոնել, գործի դնել քարոզչական բոլոր լծակներն ու լռեցնել հանրության ձայնը, խլացնել իշխանական աղմուկով: Իսկ այդ հարցում էլ, հանուն արդարության պետք է նկատել, իշխանությանը զգալիորեն օգնում է հասարակության մի ստվար հատվածի անտարբերությունը:
Բանն այն է, որ մի ստվար զանգվածի համար խնդիրը կշիռ և նշանակություն է ձեռք բերում ցավին անմիջականորեն առնչվելու դեպքում միայն, ինչից էլ բնականաբար օգտվում է իշխանությունը: Մինչդեռ հասարակությունը պարզապես իրավունք չունի լինել անտարբեր, քանի որ, դժբախտաբար, ոչ ոք չգիտե, թե հաջորդն ում գույժը կարող է գալ առաջնագծից:
Կարծես թե ակնհայտ է, որ առանց հանրային հոծ ճնշման՝ իշխանությունը մտադիր չի լինելու բանակում գնալ էական քայլերի: Միևնույն ժամանակ, այստեղ անհրաժեշտ է քաղաքացիական ճնշում՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար, որովհետև քաղաքացիներն այս դեպքում հանդես են գալիս որպես բանակի տերեր և տիրոջ իրավունքով են պահանջներ ներկայացնում զինուժում առկա իրավիճակը փոխելու համար:
Այսինքն՝ պետք է հնարավորինս զերծ մնալ քաղաքական միջամտությունից և ճնշումներից, կամ ավելի ճիշտ՝ կուսակցական: Այդ դեպքում իշխանությունը կարող է ստանալ քարոզչական շահարկման հերթական առիթը, մինչդեռ եթե իշխանությունը շահարկման առիթներ է փնտրում, հասարակությանն անհրաժեշտ է փնտրել հայ զինվորի անվտանգության երաշխիքներ:











































