ԱՄՆ զինված ուժերը, սահմանված կանոնների համաձայն, կարող էին խփել ռուսական «Սու-24» ռմբակոծիչները, որոնք մի քանի անգամ թռչել են Բալթիկ ծովում ամերիկյան USS Donald Cook ականակրին վտանգավոր մոտ հեռավորության վրա: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով՝ «Սու-24»-երը թռչել են ականակրից մի քանի մետր հեռավորության վրա:
Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր մոտ տարակուսանք է առաջացնում ԱՄՆ արձագանքը: Ռուսական կողմը հայտարարում է, որ տեսնելով նավը՝ օդաչուները անվտանգության բոլոր միջոցները պահպանելով՝ հեռացել են դրանից:
Ջոն Քերին խստորեն քննադատել է միջադեպը և հավելել, որ Մոսկվային արդեն ասված է եղել, որ նման մանևրերը չափազանց վտանգավոր են, և որ Վաշինգտոնը հուսով է՝ ապագայում նման բան չի կրկնվի:
«Մենք դատապարտում ենք նման վարքը»,- ասել է Քերին Miami Herald-ին և CNN-ին տված հարցազրույցում: «Դա անխոհեմ է: Դա սադրիչ է և վտանգավոր: Եվ ռազմական ուժի կիրառման կանոնների համաձայն՝ կարող էին խփվել (այդ ինքնաթիռները)»,- հավելել է նա:
Պետքարտուղարը նաև ասել է, որ ԱՄՆ-ին հնարավոր չէ վախեցնել բաց ծովում:
Donald Cook ականակիրը մասնակցել է Բալթիկ ծովում զորավարժություններին, որոնց ընթացքում մշակվել է ուղղաթիռի վայրէջքը նավ: Ռուսական ռմբակոծիչների թռիչքի պահին նավում եղել է լեհական ռազմական ուղղաթիռ:








































