Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից շարունակվել է Թուրքիայի Քիլիս նահանգի հրթիռակոծությունը: Այսօր Քիլիսում ընկել է ևս 3 հրթիռ: Դրանք արձակվել են Սիրիայում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Այդ կապակցությամբ կրկին օրակարգում է հայտնվել անվտանգության կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու հարցը: Վերջին օրերին ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներից մի քանի հրթիռներ են ընկել Քիլիսում, ինչի հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ:
Քիլիսի բնակչությունը երեկ անցկացրել է բողոքի զանգվածային ակցիա՝ պահանջելով ապահովել իր անվտանգությունը: Ընդգծվում է, որ վերջին երկու տարում նա պարբերաբար հարձակումների է ենթարկվում հարևան Սիրիայի տարածքից, որը հայտնվել է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:








































