Ուկրաինայի իշխանությունը պետք է հնարավորինս արագ ներդնի անհրաժեշտ բարեփոխումները «Մարշալի ծրագրով» ավելի քան 100 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալու համար: Այս մասին ICTV-ի եթերում ասել է Բունդեսթագի պատգամավոր, «Ուկրաինա-Գերմանիա» միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Կառլ-Գեորգ Վելմանը:
«Մենք պատրաստ ենք օգնել, և իմ առաջարկն էր՝ «Մարշալի ծրագրի» պես մի բան կազմել՝ ավելի քան 100 մլրդ եվրո: Թեև 30 մլրդ եվրո արդեն կա, բայց այդ փողը չի կարելի կիրառել, որովհետև Ուկրաինան բարեփոխումներ չի անում: Առանց բարեփոխումների փող չի լինի: Ահա այսպիսի պայման»,- ասել է պատգամավորը:
Նրա համոզմամբ՝ Ուկրաինան նախ պետք է անի այն, ինչ կոչվում է «տնային աշխատանք», քանի որ Գերմանիայում «մեծ հիասթափություն կա այն կապակցությամբ, որ բարեփոխումները բավարար չեն»:
«Պետք է անհապաղ քաղաքական և վարչական բարեփոխում: Ոչ մի պատրանք չկա: Եվ ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայում, շատ հզոր մոնիթորինգի է ենթարկվում»,- հայտարարել է Վելմանը:
Պատգամավորը նաև պատասխանել է հարցին, թե ինչը կարող է համարվել կայացած բարեփոխումների նշան:
«Նախ՝ դատական բարեփոխում կլինի, դա անկյունաքարն է: Անկախ դատավորներ, անկախ դատախազներ՝ սա առաջինն է: Եվ մենք պետք է իսկապես զգալի եվրոպական բարեփոխումներ ստանանք Ուկրաինայում: Մեզ պետք են հուսալի կառուցվածքներ, հուսալի կառավարություն: Մենք շատ ենք լսում, որ անհանգստություն կա այն առիթով, որ հրաժարական է տալիս գործող վարչապետը, նորին են նշանակում՝ պետք է, որ խոսքերը վերջապես գործողություններ դառնան»,- ասել է պատգամավորը:
«Մարշալի ծրագիրը» Եվրոպայի օգնության ծրագիր է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որը մշակել է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը:










































