Արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից ոչ բոլորն են կարողանում ինքնադրսևորվել և ամրանալ իրենց թիմերի հիմնական կազմերում:
Իսպանական «Լա Լիգա»-ի 32-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիսի թիմը` «Ռայո Վալյեկանո» ակումբը, մրցակցի հարկի տակ` Բիլբաոյում, ուժերը չափեց տեղի «Ատլետիկ»-ի հետ:
Դաշտի տերերը կարողացան Ինյակի Վիլյամսի ջանքերով հաջողության հասնել երկրորդ խաղակեսում և նվազագույն հաշվով պարտության մատնեցին «Ռայո Վալյեկանո»-ին: Չնայած Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտավորված էր խաղին, սակայն այդպես էլ փոխարինման դուրս չեկավ:
Ի տարբերություն Օզբիլիսի` խաղային պրակտիկայի պակաս չեն զգում Մալաքյան եղբայրները: Նրանք իրենց ակումբի` Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ի կազմում մասնակցել են Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ կայացած սկզբունքային մրցավեճին: Թե՛ Գոռը, թե՛ Էդգարը խաղադաշտ են դուրս եկել «Ստալ»-ի հիմնական կազմում` խաղալով ամբողջական 90 րոպե: «Ստալ»-«Շախտյոր» հանդիպումը եղել է բավականին գոլառատ և ավարտվել է 3-3 հաշվով: Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին Էդգար Մալաքյանի փոխանցմամբ աչքի է ընկել «Ստալ»-ի պաշտպան Միկոլա Իշչենկոն: «Ստալ»-ի կազմում հանդիպման հայտացուցակում հայտնվել էր նաև երիտասարդ Արթուր Դանիելյանը, սակայն 18-ամյա պաշտպանին հնարավորություն չի տրվել ինքնադրսևորվելու:
Ուկրաինական առաջնության մեկ այլ ակումբի` «Կարպատներ»-ի կազմում հեթրական տուրին իր թիմի մեկնարկային կազմում «Ալեքսանդրիա»-ի հետ խաղում խաղադաշտ դուրս եկավ նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը: Նա առաջին խաղակեսում դեղին քարտի արժանացավ, մեծ մասամբ աչքի չընկավ և խաղադաշտում անցկացրեց 76 րոպե: Հայաստանի հավաքականի անդամի փոխարինման պահին «Կարպատներ»-ը 1-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացավ մինչև խաղավարտ հավասարեցնել հանդիպման հաշիվը` 2-2:
Մակեդոնիայի առաջնության 26-րդ տուրում Հովհաննես Համբարձումյանի և Արտակ Դաշյանի «Վարդար»-ը հյուրընկալվել էր 3-րդ հորիզոնականում ընթացող «Սիլեկս»-ին` պարտվելով 2-3 հաշվով ու վերջին 5 խաղերում առաջին միավորները կորցնելով: Համբարձումյանը խաղի 73-րդ րոպեին ստացել է 2-րդ դեղին քարտը և հեռացվել`10 հոգով թողնելով իր թիմին, որն այդ պահին պարտվում էր 1-2 հաշվով: Հանդիպմանը հայտավորված էր նաև «Վարդար»-ի մյուս հայ ֆուտբոլիստը` Արտակ Դաշյանը, ով, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
Ռուսաստանի «Պրեմիեր լիգա»-ի առաջնության 23-րդ տուրում Էդգար Մանուչարյանի «Ուրալ»-ը մրցակցի հարկի տակ ուժերը չափել է «Կրասնոդար»-ի հետ: Մանուչարյանը մասնակցել է ամբողջ խաղին, սակայն չի կարողացել իր թիմին փրկել խայտառակությունից. «Կրասնոդար»-ը 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուրալ»-ի դարպասը` վերջին 5 խաղերում դառնալով առաջին թիմը, որը պարտության է մատնում «Ուրալ»-ին:
Ամերիկյան «MLS» լիգայի Արևմտյան կոնֆերենցիայի առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Յուրա Մովսիսյանը, սեփական հարկի տակ ընդունել էր «Կոլորադո Ռեփիդզ»-ին: Մովսիսյանը մասնակցել է ամբողջ խաղին, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 83-րդ րոպեին դեղին քարտի է արժանացել: Դրանից առաջ՝ խաղի 72-րդ րոպեին, Մովսիսյանի թիմը հաշվի մեջ արդեն առավելություն էր ստացել էկվադորցի հարձակվող Ժոաո Պլատայի գոլի շնորհիվ:
Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանն էլ իր թիմի` Թեհրանի «Էսթեղլալ»-ի կազմում մասնակցել է Իրանի առաջնության 25-րդ տուրին: Թեհրանյան թիմը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Սեպահանի» հետ: Այս ոչ-ոքին բավականին ծանր ազդեցություն ունեցավ Թեհրանի ներկայացուցչի համար, քանի որ Խուժիստանի «Էսթեղլալ»-ը կարողացավ 1 միավորով առաջ անցնել:
Լիտվայի առաջնության 6-րդ տուրում 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Դավիթ Արշակյանի «Տրակայը», որը մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Յոնավա»-ին: Հայաստանի հավաքականի անդամն իր թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը` մի շարք դրվագներում աչքի ընկնելով արդյունավետ որոշումներով:








































