Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Շտուտգարտ»-ի նկատմամբ հաղթանակին (3:1):
«Ինքներս բարդացրինք մեր կյանքը: Հաճախ էինք խախտում կանոններն ու մրցակցին հնարավորություն տալիս բազում անկյունայիններ ու տուգանային հարվածներ վաստակել:
Ավելի լավ էինք գործում հարձակման գծում, ակտիվորեն տեղաշարժվում էինք: Եվս 10 միավոր է հարկավոր, որպեսզի անենք այն, ինչ Գերմանիայում չի հաջողվել ոչ ոքի»:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-ն Բունդեսլիգայի առաջատարն է: Թիմը երկրորդ տեղում գտնվող «Բորուսիա»-ին գերազանցում է 8 միավորով՝ 1 խաղ ավել անցկացնելով: Մյունխենյան ակումբն այս տարի ևս կարող է Գերմանիայի չեմպիոն դառնալ: Բունդեսլիգայում 4 չեմպիոնություն անընդմեջ չի գրանցել ոչ մի ակումբ:








































