«Հայաստանը եղել է Խորհրդային միության ռազմական էլեկտրոնիկայի 1/3-ի նախագծողը և սարքողը: 94-96թթ., հասկանալով, որ Հայաստանը նման պոտենցիալ ունի և կարող է ռեգիոնում լուրջ դերակատարություն ունենալ ռազմական տեխնոլոգիաների առումով, միտումնավոր Հայաստանի ինդուստրիան ոչնչացվեց: Ինդուստրիան ոչնչացվեց, բայց մասնագետները մնացին, և նրանց ընտանեկան դաստիարակությունը բերեց նրան, որ շատ երիտասարդներ նորից վերադարձան տեխնոլոգիական ոլորտի տարբեր ենթաոլորտներ, և բնականաբար նրանք ունեին նաև ռազմական կիրառության տեխնոլոգիաների ստեղծման հնարավորություն»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքով՝ մեր բանակում կիրավող տեխնոլոգիական ներուժն այսօրվա ներուժ չէ, և կա արդիականացման խնդիր:
«2011թ. տեղի ունեցավ միության վարչության հանդիպումը նախարար Սեյրան Օհանյանի հետ, որոշում կայացվեց ստեղծել համատեղ հանձնաժողով՝ ՊՆ և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներից կազմված, որի նպատակը ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ աշխատանքներ իրականացնելն էր,- տեղեկացրեց Կարեն Վարդանյանը:- Մի շարք առաջարկություներ են ներկայացվել հանձնաժողովի նախագահին՝ ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, սակայն երկու-երեք տարվա աշխատանքը բեկանվել է, արդյունավետ համագործակցության ջանքերը հաջողություն չեն ունեցել:
Մերժման պատճառները, ըստ Կ. Վարդանյանի, հայտնի չեն, նրա խոսքով՝ պետք է հետաքննություն իրականացնել և պարզել՝ ինչու է ՊՆ-ն մերժել բանակում նորագույն տեխնոլոգիների կիրառման առաջարկը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































