«Ստալ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Դնեպր»-«Ստալ» հանդիպմանը փոխարինման դուրս եկած, Հայաստանի ֆուտբոլի Մ17 տարեկանների հավաքականի կազմում մրցելույթներ ունեցած պաշտպան Արթուր Դանիելյանի խաղը լավ տպավորություն է թողել «Ստալ»-ի գլխավոր մարզչի վրա:
«Դանիելյանը, ով նորամուտ նշեց բավականին ուժեղ մրցակցի դեմ խաղում, իրեն վատ չդրսևորեց: Խոստումնալից երիտասարդ է»,- ասել է «Ստալի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիխ վան դեր Միերը:
Ուկրաինայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հյուրընկալվողի կարգավիճակում հանդես եկած «Ստալ»-ը պարտվել է 1-4 հաշվով՝ դուրս մնալով մրցաշարից:
Բացի երիտասարդ Դանիելյանից, «Ստալ»-ի կազմում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկնածուներ Գոռ Մալաքյանը, ով ամբողջական հանդիպում է անցկացրել, և Էդգար Մալաքյանը: Վերջինս փոխարինվել է հանդիպման 76-րդ րոպեին:





































