ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվել է հանրակրթության պետական չափորոշչի նախագծի մշակումը համակարգող հանձնաժողով, որը գումարել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, Կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ, կրթության հայտնի փորձագետներ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Օրակարգում ընդգրկված էր հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման նպատակով մասնագիտական աշխատանքային խմբի կազմի և նախատեսվող աշխատանքների ժամանակացույցի հաստատումը: ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով համակարգող հանձնաժողովի գործունեությունը, նշել է, որ իրենց առջև դրված հիմնական խնդիրը կրթության զարգացման և առաքելության ամրագրումն է:
«Ես առաջարկում եմ, որպեսզի մենք սահմանենք հստակ սկզբուքներ և դրանք ներկայացնենք մասնագիտական հանձախմբերին՝ որպես բովանդակային աշխատանքի ուղեցույց: Չափորոշիչների մեջ պետք է ներմուծել ազգային մտածողության և դաստիարակության արժեհամակարգ: Գործող չափորոշչի վերանայումը, բնականաբար, պետք է կատարվի վերլուծության արդյունքում՝ հիմք ընդունելով աշխատանքային պրակտիկան՝ մենք սկզբունքորեն պետք է առանձնացնենք այն կետերը, որոնք մասնագիտական տեսանկյունից խնդրահարույց են»,- նշել է նախարարը:
Հանձնաժողովն աշխատելու է ամենշաբաթյա պարբերականությամբ՝ նպատակ ունենալով մշակել հանրակրթության պետական կրթակարգի և չափորոշչի վերանայման հայեցակարգը, որն ենթադրում է ուսումնական բնագավառի և կրթության բովանդակության բաղադրիչների վերանայում:









































