Իսրայելի Կնեսետը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմին` շփման գծում իրավիճակի լարումը սանձազերծելու համար: Այս մասին ապրիլի 4-ին Հայաստանի հրեական համայնքի 25-րդ տարեդարձին նվիրված քննարկմանը նշել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:
«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմին այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է Լեռնային Ղարաբաղում: Մենք կոչ ենք անում նրանց դադարեցնել կրակը և անել ամենը, որպեսզի ամեն ինչ հանգստանա: Խաղաղությունը պետք է մեզ և յուրաքանչյուր երկրին: Զարգանալ հնարավոր է միայն խաղաղ գոյատևման ժամանակ»,-նշել է Թալի Պլոսկովը:
Նրա խոսքով`երկու պետությունների` Հայաստանի և Իսրայելի միջև շատ ընդհանրություններ կան: Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակի խոսքով` իրենց երկրում էլ իրավիճակը հանգիստ չէ:
Թալի Պլոսկովը հայտնել է, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանում տարբեր գերատեսչությունների ու կառույցների ղեկավարների հետ: Նա հավելել է, որ հագեցած օրակարգ է ունեցել, եղել է Ցեղասպանության հուշահամալիրում:
«Առաջին անգամ է նման մեծ պատվիրակություն Հայաստանում, սա երևի մեր հարաբերություններում նոր փուլի սկիզբ է»,-ասել է նա: Թալի Պլոսկովն ասել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մեկնարկին իրենց առաջարկել են հայրենիք վերադառնալ, սակայն պատվիրակությունը հրաժարվել է:








































