Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, թե առաջիկայում տնտեսության բնագավառում կլինեն առանցքային փոփոխություններ: Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել ՀՀԿ-ՀՅԴ, այսպես ասած, կոալիցիայի արդյունքում: Այդ կոալիցիայի կազմավորումից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն չկա որևէ տեսանելի արդյունք, որևէ շոշափելի գործընթաց, որը կարող է վկայել հանրային և պետական կյանքի համար դրա արդյունավետության քիչ թե շատ առարկայական պոտենցիալի մասին:
Կողմերը շարունակում են խոսել այն մասին, որ լավ է լինելու: Եվ շարունակում են լռել այն մասին, թե ինչի շնորհիվ, ինչ միջոցով, ինչ ճանապարհով է լինելու այդ լավը: Այդ լռության պատճառը պարզ է:
Բանն այն է, որ նրանք շատ լավ են հասկանում, որ չի լինելու լավ: Չի լինելու, որովհետև լավ լինելու համար չէր լինի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա: Լավ լինելու համար չկար դրա կարիքը, այլ պետք էր անել մի քանի շատ ավելի պարզ ու հստակ գործողություն, որի ռեսուրսը ՀՀԿ-ն տնօրինում է ամբողջությամբ, և ՀՅԴ-ի հավելյալ օժանդակության կարիքը չկար: ՀՀԿ-ն գնացել է ՀՅԴ հետ կոալիցիայի, որովհետև պատրաստ չէ անել այն քայլերը, որոնք կփոխեն Հայաստանի տնտեսության պատկերը, կփոխեն տնտեսական ցուցանիշներն ու զարգացման վեկտորները:
Անհնար է ապացուցել հակառակը՝ չանելով քայլեր, որոնց կարիքն ունի Հայաստանի տնտեսությունը՝ ապամենաշնորհացում, մրցակցային ապահովում, ազատ մրցակցության պաշտպանություն իրավական և դատական համակարգի միջոցով: Սակայն սրանք, մեծ հաշվով, Հայաստանի համար անհրաժեշտ, բայց արդեն, բնականաբար, ոչ բավարար պայմաններ են, որպեսզի հնարավոր լինի հասնել իրավիճակի փոփոխության: Հայաստանի տնտեսությունը ենթարկվել է խորքային, ամբողջական աղավաղման և ուզուրպացման և այն աստիճան է շահագործվել ու հալածվել, որ միայն ազատ խաղի կանոնների սահմանումն ու ապահովումը չեն կարող դառնալ բեկման ճանապարհ:
Խոշտանգված, հալածված մարդուն, որը տաժանակիր պայմաններում ազատազրկված է եղել տարիներ շարունակ, բավարար չէ լոկ ազատության մեջ հայտնվելը: Նման պայմաններում ազատազրկված անձին ազատություն տալով հնարավոր չէ նրանից սպասել մոտալուտ առաջադիմություն, բեղուն ստեղծագործական կյանք և այլն: Այդ մարդուց որևէ սպասում ունենալու համար պետք է ազատություն տալուց հետո նաև նպաստել նրա ապաքինմանը, նրա կազդուրմանը, հոգեբանական վերականգնմանը, պետք է գործուն օժանդակություն ցուցաբերես հասարակական ադապտացիային, նոր իրավիճակի ընկալմանը, մտածողության համարժեքացմանը և այլն: Դրանից հետո միայն հնարավոր է այդ մարդուց սպասել ստեղծագործական ձեռքբերումներ, առաջադիմություն, զարգացում:
Հայաստանի տնտեսությունը, մեծ հաշվով, հայտնվել է նման մի իրավիճակում: Տնտեսությունը տարիներ շարունակ ենթարկվել է մի քանի ընտանիքի կազմակերպած խոշտանգման, հալածման, հյուծման: Եվ ապահովել լոկ այդ ամենի ավարտը՝ նշանակում է չապահովել ոչինչ: Հայաստանի տնտեսությունը պետք է ապահովվի կազդուրմանն ուղղված աջակցությամբ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ մինչ այժմ տնտեսությունը նվաճած ընտանիքները, որոնք դարձել են մենաշնորհների և օլիգոպոլիաների տերեր, պետք է «կորցնեն» ոչ միայն իրենց այդ դիրքերը, մոնոպոլ կամ օլիգոպոլ կարգավիճակները, որպեսզի Հայաստանում լինի ազատական տնտեսություն և մրցակցություն, այլ նաև զգալիորեն ավելին:
Խոսքն անկասկած կուլակաթափության մասին չէ: Այդօրինակ մեթոդները տնտեսությունը մի ծայրահեղությունից կգցեն մյուս ծայրահեղության մեջ՝ խոշոր հաշվով ոչինչ չտալով պետությանն ու հանրությանը և խլելով հերթական թանկարժեք ժամանակը: Խոսքն այն մասին է, որ տասնամյակներ շարունակ հանրության, պետության, երկրի տնտեսության հաշվին գերհարստացած և հզորացած սուբյեկտները պետք է ստանձնեն պատասխանատվություն իրենց իսկ հալածած օրգանիզմը վերականգնելու, կազդուրելու համար:
Եթե ենթադրենք, որ ինչ-որ «հրաշքով» տեղի կունենա մոնոպոլ և օլիգոպոլ կարգավիճակների դեմ գործնական պայքար, այդուհանդերձ, դա բացարձակապես անբավարար է տնտեսական շոշափելի էֆեկտի, բեկման համար, քանի որ տասնամյակներով յուրացված ռեսուրսների պարագայում լոկ ազատությունը և մրցակցությունը այլևս ռեսուրս չէ: Հետևաբար, օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները, նաև տնտեսական, հասարակական, քաղաքացիական համաներման համար պետք է ստանձնեն այդ ռեսուրսների որոշակի վերադարձի պարտավորություն, հարկերի կամ այլ ֆինանսական հատկացումների տեսքով, տարբեր հիմնադրամների ֆորմատով:
Նրանք պետք է ապահովեն պետական և հանրային ռեսուրսների որոշակի գոյացություն, որի միջոցով պետական կառավարման համակարգը տնտեսական բեկման ակնկալիքով հնարավորություն կունենա ազատությունից բացի հասարակությանը տալ նաև ռեսուրսային գործնական աջակցություն՝ տարբեր բիզնես նախագծեր և գաղափարներ իրականացնելու համար, այսպես ասած՝ մատչելի, հնարավորինս քիչ ռիսկային նախաձեռնությունների մեկնարկային պայմաններն ապահովելու համար:
Ինչ խոսք, կա նաև այդ ռեսուրսների արտաքին ներգրավման հնարավորությունը, որը ևս չպետք է բացառել կամ մերժել, բայց եթե այդ հնարավորությունը չի մեծացնելու պետական պարտքի ռիսկերը: Եվ անգամ այդ տարբերակի դեպքում, այն աներկբայորեն պետք է լինի ոչ թե հիմնական, առանցքային միջոցը, այլ լրացուցիչ: Առանցքային միջոցը պետք է լինի հասարակական կոնսենսուսը՝ ազատություն ստացած հանրային շերտերի և տարիներ շարունակ այդ հանրության ռեսուրսների հաշվին գերհարաստացած օլիգարխիայի միջև, դա պետք է լինի օլիգարխիայի գինը, որ այն կվճարի պետության և հանրության դեմ կատարած քայլերի քրեական և բարոյական պատասխանատվության համար:
Լուսանկարը՝ MEDIAMAX-ի








































