ՄԱԿ- ը Սիրիայում հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում մարդասիրական օգնություն է հասցրել պաշարված շրջանների 150 հազար բնակչի: Այս մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի՝ մարտի 29-ին հրապարակված զեկույցում, որն ուղարկվել է Անվտանգության խորհուրդ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Միավորված ազգերի կազմակերպությունն ավտոշարասյուներով օգնություն է հասցրել 18 պաշարված շրջաններից 10-ի 150 հազար մարդու, ինչպես նաև դժվարամատչելի շրջանների տասնյակ հազարավոր բնակիչների համար»,- ասված է փաստաթղթում: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության գնահատումների համաձայն՝ ընդհանուր առմամբ Սիրիայի պաշարված շրջաններում բնակվում է ավելի քան 480 հազար մարդ:
Ամբողջ 2015 թվականի ընթացքում ՄԱԿ-ը կարողացել է օգնություն ցուցաբերել նրանց 1 տոկոսից քիչ հատվածին: Զեկույցում, որը քննարկվելու է Անվտանգության խորհրդի բաց նիստում, ընդգծվում է, որ մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ին, ընդհանուր առմամբ, պահպանվում է։








































