Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը մասնակցելու է միջուկային անվտանգության գագաթնաժողովին։
Փորձագետները դրական են գնահատում Հայաստանի՝ առաջին դեմքով մասնակցությունը գագաթնաժողովին և ափսոսանք հայտնում, որ Սարգսյան-Ալիև հանդիպում այստեղ չի կայանա։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ նախքան գագաթնաժողովը չէր բացառվում, որ այստեղ Օբամայի ջանքերով հնարավոր կլինի կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Այսօր, սակայն, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքը գրառում է կատարել, որ նման հանդիպում նախատեսված չէ։
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը ցավով է արձանագրում, բաց թողնված հնարավորությունը և նշում՝ Ալիևը մի շարք հարցերի պատասխաններ չէր կարող տալ հանդիպման ընթացքում:
Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ որպես կանոն, նման գագաթնաժողովները ընձեռում են հնարավորություն հակամարտող կողմերին նույն սեղանի շուրջ նստեցնելու համար, բայց այս դեպքում կարծես առիթ չկար:
Մելիքյանը հավելում է՝ թե´ Ալիևը, թե´ Սարգսյանն այնտեղ ավելի շատ իրենց օրակարգն են առաջ տանելու, և Լեռնային Ղարաբաղի խնդիրը թեպետ մեզ համար կարևոր է, այնտեղ դրված են ավելի գլոբալ խնդիրներ՝ կապված միջազգային ահաբեկչության հետ։
Թևան Պողոսյանը հավելում է՝ Ռուսաստանի կողմից հանդիպումը տապալելը կարող է լինել վարկածներից մեկը, սակայն պետք է հասկանալ:











































