Samsung ընկերությունը ներկայացրել է «խելացի» հողմապակու գաղափար մոտոցիկլետների համար՝ Smart Windshield, հայտնում է korrespondent.net-ը: Ներկայացնող հոլովակը հրապարակվել է հարավկորեական արտադրողի իտալական բաժնի YouTube-ալիքում:
Դիսփլեյը հողմապակու մեջ սմարթֆոնին է միանում WiFi-ի միջոցով: Մշակման գլխավոր խնդիրն անվտանգության բարձրացումն է, քանի որ այսուհետ վարորդը կկարողանա անհրաժեշտ տեղեկություն ստանալ՝ երկու ձեռքերը տրանսպորտային միջոցից չկտրելով:
Էկրանը կարող է ցույց տալ նավիգատորի նշումները, տեղեկացնել ստացվող զանգերի և հաղորդագրությունների մասին: Smart Windshield-ի հեղինակները նշում են, որ հեռախոսի հետ աշխատելու համար բավարար կլինի «առաջ նայել»:
Ներկայումս խելացի հողմապակին միայն գաղափար է և հասանելի չէ գնորդներին: Մշակման շուկա դուրս գալու ծրագրերի մասին դեռ չի հաղորդվում:








































