Ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի հետ անցկացրած պարտիան, որն ավելի քան վեց ժամ տևեց, բարդագույնն է համարում իր համար Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարում մինչև այժմ անցկացրած պարտիաներից:
Նշենք, որ Կարյակինը, ոչ-ոքի ավարտելով իր պարտիան Լևոն Արոնյանի հետ, 7,5 միավորով Ֆաբիանո Կարուանայի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկուշաբթի Կարյակինը վերջին տուրի շրջանակում պարտիա է անցկացնելու հենց Կարուանայի հետ: Ռուս գրոսմայստերը խաղալու է սպիտակ խաղաքարերով:
«Ավելի շուտ իմ հակառակորդը ժամանակ էր կորցնում, քանի որ պարտիան կարող էր ավարտվել շատ ավելի շուտ: Արոնյանը յուրաքանչյուր պահի կարող էր ոչ-ոքի ավարտել պարտիան, սակայն նա տարբերակներ էր փնտրում՝ հուսալով, որ ես ինչ-որ քայլի կսխալվեմ: Ամեն դեպքում ես բավական ճիշտ էի պաշտպանվում: Այս պարտիան բարդագույնն էր:
Վաղվա հանդիպումը կլինի ինձ համար բարդագույնն այս մրցաշարում, սակայն շատ չեմ ուզում մտածել այդ մասին: Ուզում եմ մի քիչ հանգստանալ, խաղին մոտենալ նոր ուժով ու արժանի ձևով հանդես գալ»,- «Р-Спорт»-ը փոխանցում է Կարյակինի խոսքը:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 420 000 եվրո: Հաղթողը նոյեմբերին ԱՄՆ-ում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Մագնուս Կարլսենի հետ:







































