Մարտի 22-ին Եվրոպան կրկին ցնցվեց ուժգին ահաբեկչությունից, որը խլել է մի քանի տասնյակ մարդու կյանք: Եվրամիության կենտրոնակայան համարվող Բրյուսելում որոտացել են մի քանի պայթյուններ՝ օդանավակայանում և մետրոյում: Նախորդ տարի նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունից հետո Եվրոպայում կրկին զոհեր են ու վիրավորներ: Ընդ որում՝ հատկանշական է, որ ինչպես նոյեմբերի 13-ին Փարիզում, այդպես էլ Բրյուսելում, ըստ էության, տեղի է ունեցել ահաբեկչական գրոհ լայն ճակատով: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Այս հանցագործությունն առանձնահատուկ է դառնում Սիրիայի հարցում վերջին շրջանում ձեռք բերված գլոբալ պայմանավորվածությունների՝ մասնավորապես, հրադադարի ֆոնին, որ հայտարարվեց ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքում: Դրանից հետո ՌԴ-ն, որ անսպասելի սկսել էր ռազմարշավը Սիրիայում, նույնքան անսպասելի դադարեցրեց այն: Ավելին՝ կարծես թե սկսվում էր, կամ համենայնդեպս խոսվում էր Սիրիայում հրադադարից հետո քաղաքական հանգուցալուծման «ճանապարհային քարտեզի» շուրջ քննարկումների մեկնարկի մասին: Սակայն, ինչպես երևում է, կամ ինչպես պետք էր սպասել ու կանխատեսել, իրադարձությունների զարգացումը դեռևս շատ հեռու է խաղաղ բնույթից:
Ավելին՝ ԻՊ նոր ահաբեկչությունը Եվրոպայի սրտում վկայում է, որ սիրիական ճգնաժամը անգամ պարփակված չէ լոկ Սիրիայի սահմաններում կամ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններում և ցանկացած պահի կարող է դուրս գալ դրանից: Սա նշանակում է, որ համաշխարհային անվտանգությունը ոչ միայն ամուր և հուսալի չէ, այլ շարունակում է մնալ խոցելի: Եվ այս հանգամանքը առավել քան ուշադրության է արժանի Հայաստանում, որը շատ մոտ է գտնվում համաշխարհային անվտանգության այդ թեժ օջախին, գտնվում է գրեթե անմիջական հարևանությամբ: Եվ սա էլ ավելանում է այն մարտահրավերներին, որոնք կան ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ՝ մասնավորապես, Ադրբեջանի պահպանվող ռազմատենչության առումով:
Ահա այս համատեքստում առավել քան կարևոր է դառնում մի քանի օր հետո Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովը, որի շրջանակում հնարավոր է համարվում Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը: Համենայնդեպս, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրավիրել է և՛ Ալիևին, և՛ Սարգսյանին: Եվ եթե սրան գումարվի այն, որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում առաջ է քաշել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման գաղափարը, ապա բավական իրատեսական են դիտվում փորձագիտական կանխատեսումներն ու նաև ոչ պաշտոնական տեղեկությունները այն մասին, որ ԱՄՆ-ը ցանկանում է կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում:
Դրա նպատակը, ըստ երևույթին, պետք է լինի Ադրբեջանին ապակառուցողական, մերժողական դաշտից բերել դեպի այդ մեխանիզմի քննարկումների դաշտ: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Եվրոպայում տեղի ունեցած նոր և ուժգին ահաբեկչությունը երկրորդական պլան չի մղի ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մեխանիզմի գաղափարը, որ առաջ է քաշում ԱՄՆ-ը:
Խնդիրն այն է, որ ղարաբաղյան գոտում հրադադարի հաստատումը էապես կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը: Ամենակարևորն այն է, որ դրա միջոցով տեղի կունենա ուժերի հարաբերակցության վերանայում, և պատահական չէ, որ Ռուսաստանը ակնհայտ դժկամությամբ է վերաբերվում ԱՄՆ գաղափարին՝ այն մատնելով լիակատար լռության: Խնդիրն այն է, որ ղարաբաղյան գոտում կայունության և անվտանգության երաշխավորումը թուլացնում է ՌԴ տարածաշրջանային ազդեցությունը, քանի որ թեժ, եռացող հակամարտությունն է ՌԴ ազդեցության երաշխիքը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա: Միաժամանակ այս իրավիճակը մեծացնում է նաև Թուրքիայի դերը: Այսինքն՝ մեխանիզմի ներդրումը Ռուսաստանի դերի հետ մետեղ կնվազեցնի նաև Թուրքիայի դերը:
Հիմա, այս ֆոնին, իրերի այս դրվածքի պարագայում եվրոպական ահաբեկչությունները բացի մարդկայնորեն ցավ առաջ բերելով նաև Հայաստանում, միաժամանակ նաև քաղաքական կամ ռազմա-քաղաքական տեսանկյունից հարց են առաջացնում՝ այդ ահաբեկչությունները Վաշինգտոնում գագաթնաժողովից առաջ սրելով համաշխարհային անվտանգության խնդիրը՝ կնպաստե՞ն կովկասյան անվտանգության հարցը ղարաբաղյան գոտում հրադադարի պահպանման կոնտեքստում առավել ակտիվ առաջ մղելուն, թե՞ կմղեն հետին պլան և այդպիսով կթեթևացնեն, թեկուզ առժամանակ, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրները՝ երկարաձգելով լարվածության պահպանումը ղարաբաղյան գոտում:












































