Լոս Անջելեսում բնակվող 32-ամյա Ներսես Արթուր Գալստյանը շրջանային դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել առաջին աստիճանի սպանության՝ երկու, երկրորդ աստիճանի սպանության՝ մեկ, գիտակցված մարդասպանության՝ մեկ, գիտակցված մարդասպանության փորձի՝ երկու և իրարանցում առաջացնելու մեկ կետերով։ Այս մասին հայտնում է dailynews.com-ը։
Նրան մեղադրում են 2010 թվականին կալիֆոռնիական Վելի Վիլիջ քաղաքի Hot Spot Cafe ռեստորանում ընկերոջ հիշատակի արարողության ժամանակ հրազենի գործադրմամբ 4 մարդու կյանք խլելու մեջ։
Արարողության ժամանակ նա մի քանի այլ անձանց հետ վիճաբանել է, որից հետո դուրս եկել ռեստորանից, մեքենայից վերցրել ատրճանակն ու վերադարձել՝ հրաձգություն իրականացնելու։
Կրակոցները խլել են 25-ամյա Հայկ Եգնանյանի, 31-ամյա Վարդան Թոֆալյանի, 26-ամյա Սարգիս Քարաջյանի և 28-ամյա Հարութ Բաբուրյանի կյանքը։ Երկու այլ անձինք վիրավորվել են։
Գալստյանը փախուստի էր դիմել Սիեթլ, որտեղ էլ ձերբակալվել է։
Նշվում է, որ դատախազները մտադիր են նրա համար մահապատիժ պահանջել մարտի 28-ին կայանալիք դատական նիստի ժամանակ։









































