Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը արձագանքելով այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև տեղի ունեցած միջադեպին՝ հարցին հարցով պատասխանեց. «Դուք ընդհանրապես օտարերկրյա պետությունների խորհրդարաններում տեղի ունեցածներին երբևէ ականատես եղե՞լ եք: Ցավոք սրտի, խորհրդարանական պրակտիկայում երբեմն-երբեմն կրքերը հնարավոր չի լինում կառավարել»:
ԱԺ Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ կարգազանց չէ այն պատգամավորը, որը խանգարում է ինձ քվեարկել: «Էթիկայի հանձնաժողովի նպատակը փաստեր արձանագրելն է»,- նկատեց նա:
Խոսրով Հարությունյանը, այնուամենայնիվ, անլուրջ է համարում Առաքել Մովսիսյանի հետ կապված հարցը. «Մինչև էթիկայի հանձնաժողովը հարցը չքննարկի, ես օրենքով իրավունք չունեմ որևէ կարծիք արտահայտելու»:
Խոսրով Հարությունյանը անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքի նախագծին՝ ներկայացնելով իր տեսակետը, թե ինչպես կարելի է ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը մեծացնել: