Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կպահպանվեն անգամ Մինսկի համաձայնությունների կատարման դեպքում: Կոլումբիայի համալսարանին կից Գլոբալ էներգետիկական քաղաքականության կենտրոնում կայացած խորհրդաժողովում նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների գծով համակարգող Դենիել Ֆրիդը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Եթե Մինսկի համաձայնությունների դրույթները կատարվեն Ռուսաստանի կողմից, ապա մենք միևնույն է՝ կպահպանենք (սահմանափակող) միջոցների փաթեթը Ղրիմի բռնակցման պատճառով,- ասել է նա:- Դա կնշանակի Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառումը չճանաչելու երկարաժամկետ քաղաքականության իրականացում»: Նա հավելել է, որ նման միջոցներ գործում էին ԽՍՀՄ-ի նկատմամբ, երբ ԱՄՆ-ը չէր ճանաչում Մերձբալթիկայի երեք հանրապետությունների ներառումը ԽՍՀՄ-ի կազմում:
«Միակ տարբերություն այն է, որ այն ժամանակ չէր կիրառվում պատժամիջոցների ռեժիմը»,- պարզաբանել է նա՝ վստահություն հայտնելով, որ «Ռուսաստանի վրա պատժամիջոցային ճնշումը կաճի»։











































