ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի:
Ստորագրված ընտրացուցակների պաշտոնական հրապարակումը խախտում է անձի գաղտնիության իրավունքը. Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում խախտել միջազգային փաստաթղթերի դրույթները և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակման հետ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող տեսակետին, թե ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար հարկավոր է ընտրություններից հետո պաշտոնապես հրապարակել ստորագրված ցուցակները:
Նա նշեց, որ իրենք որոնում են մեխանիզմներ՝ ինչպես կանխարգելել կրկնաքվեարկությունը, այլոց փոխարեն քվեարկությունները։ «Արհեստական պահանջներ ներկայացնել, պահանջ՝ հանուն պահանջի պետք չէ, պետք է նայել, թե ի՞նչ նպատակով է այդ պահանջը ներկայացվում և արդյո՞ք պատշաճ գործիքներ դրված են այդ նպատակին հասնելու համար: Խորապես համոզված եմ, որ ցանկացած անձ՝ վստահված, թե դիտորդ, ունի բոլոր հնարավորություններն այդ ցուցակի մասին պատկերացումներ կազմելու, և եթե համարում է՝ բողոք կա, ապա դա ներկայացնել»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
«Մենք առաջին իսկ տարբերակը, որը չէինք համարում քննարկմանը ներկայացնելուն պատրաստ, ուղարկել ենք, որ նրանք ծանոթանան, իմանալով շատ հստակ, որ մի քանի օր անց ներկայացնելու ենք հանրության դատին»,- ասաց նա: Հարցին, թե ինչու այդ փուլում չի եղել հանրային քննարկում, նա ասաց, որ մի նյութ պետք է լինի, որ սկսվի, և ներկայումս այս նախագիծը հենց այն նյութն է, որի վերաբերյալ պետք է լինի հանրային և քաղաքական քննարկում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































