ԱՄՆ արդարադատության նախարարությանը կից սնանկության հարցերով ծառայությունը դատարանին խնդրում է հանձնաժողով նշանակել ամերիկացի ռեփեր 50 Cent-ի եկամուտները ստուգելու համար, որն ավելի վաղ սնանկության մասին հայտ է ներկայացրել: Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքում տեղի ունեցած լսումների արդյունքներով, որոնց ներկա է եղել նաև երաժիշտը, հայտնում է TASS-ը:
50 Cent-ին դատարան կանչելու պատճառ են դարձել մի քանի լուսանկարներ, որոնք նա հրապարակել է Instagram-ում: Դրանցում ռեփերը պատկերված է մեծ թվով 100-դոլարանոց թղթադրամների մեջ: Քանի որ ավելի վաղ ռեփերն իր սնանկության մասին հայտ է ներկայացրել՝ խնդրելով պաշտպանել վարկատուներից՝ իշխանությունները նրանից պահանջել են դատարանում բացատրել լուսանկարների ծագումը: Արդարադատության նախարարության պրոֆիլային ծառայությունը կասկածում է, որ ռեփերը սնանկ չէ և թաքցնում է իր եկամուտները:
Դատարանում 50 Cent-ի փաստաբանները հայտարարել են, որ լուսանկարներում պատկերված թղթադրամներն իսկական չեն, իսկ իրենց պաշտպանյալն իսկապես շատ ծար ֆինանսական վիճակում է: Դատարանը ոչ մի վճիռ չի կայացրել՝ հաջորդ լսումը նշանակելով ապրիլի սկզբին:








































