Կիևում լույս մարտի 10-ի գիշերը ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի աջակցության ակցիայի մասնակիցները փորձել են հրկիզել Ռուսաստանի դեսպանատունը՝ հայտնում է Lenta.ru-ն: Դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ լրագրող Իռմա Կրատը:
Տեսանյութում երևում է, որ հարձակվողները շենքի վրա մի քանի «Մոլոտովի կոկտեյլ» են նետել: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել մոտակայքում հերթապահող պարեկները: Ցուցարարներն իրավապահներին մեղադրել են անջատողականության և Ռուսաստանին աջակցելու մեջ: Բողոքողները ձերբակալվել են և տարվել ոստիկանություն: ««Մոլոտովի կոկտեյլները» ես ինքս եմ պատրաստել»,- ձերբակալությունից հետո խոստովանել է Կրատը:
Մարտի 9-ին Կիևում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա մի քանի հարյուր մարդ քարեր ու յոդի շշեր են նետել: Ուկրաինայի մայրաքաղաքում դեսպանատան մոտ առաջին ակցիան տեղի է ունեցել մարտի 6-ին: Ակցիայի մասնակիցները շենքի վրա ձվեր են նետել, ապակիներով հարվածել, փորձել են ներս մտնել:
Ուկրաինայի զինված ուժերի ավագ լեյտենանտ Սավչենկոն Ռուսաստանում կալանքի տակ է 2014թ. հուլիսից: Հետաքննութան վարկածով՝ նույն թվականի հուլիսին նա Լուգանսկի շրջանում իմանալով աշխարհազորայինների բլոկպոստի կոորդինատները՝ դրանք փոխանցել է ուկրաինացի զինվորականներին: Հրետանային գնդակոծության հետևանքով զոհվել են ռուսական ՎԳՏՌԿ հեռուստաընկերության լրագրողներ Իգոր Կոռնելյուկը և Անտոն Վոլոշինը: Նշվում է, որ դրանից հետո Սավչենկոն գաղտնի անցել է Ռուսաստանի սահմանը, որտեղ էլ ձերբակալվել է: Մեղադրյալը պնդում է, որ իրեն առևանգել են Դոնբասում և գաղտնի տարել ՌԴ:
Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումը նշանակված է մարտի 21-ին և 22-ին:











































