Վերջին շրջանում տաքսու վարորդները պարբերաբար դժգոհություն են հայտնում լիցենզիա ստանալու համար վճարների բարձր լինելուց, ինչպես նաև այդ գործընթացի անվերահսկելությունից: Վարորդների խոսքով՝ շատերը, կատարելով օրենքի պահանջները, վճարում են ամսական 12.000 դրամը, իսկ նրանց մեծ մասը՝ հիմնականում անհատ տաքսու վարորդները, շարունակում են ծառայություն մատուցել առանց լիցենզավորման:
«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը առանձնացրեց տաքսիստների կողմից ներկայացված հիմնական պահանջները, այն է՝ իջեցնել լիցենզավորման վճարները, լիցենզիաների ձեռքբերումը դարձնել ավելի հասանելի՝ վաճառելով դրանք կրպակներում և հատկացնել ավելի շատ կայանատեղիներ տաքսիների համար: Գևորգ Դոստուրյանը մանրամասնեց, որ այս պահանջների կատարումն իր հետ կբերի նոր խնդիրներ:
Անդրադառնալով մոտ 30.000 նոր կայանատեղիների տրամադրման պահանջին՝ Դոստուրյանը նշեց, որ Երևան քաղաքում գործնականում անհնարին է այդքան տարածք հատկացնել:
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, խոսելով լիցենզավորման կարգի մասին, նշեց, որ այն ոչ միայն պարտադիր է, այլև հետագայում այդ գործընթացն էլ ավելի պետք է խստացվի առաջին հերթին սպառողների անվտանգությունն ապահովելու համար: Սահակյանը տաքսիների թվաքանակի ավելացման, հետևաբար նաև այն ծառայությունը մատուցողների եկամուտների կրճատման կապակցությամբ առաջարկեց սահմանափակել լիցենզիաների թվականակը:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն իր խոսքում նշեց տաքսի ծառայության ոլորտում առկա հիմնական խնդիրները, այն է՝ որակի և անվտանգության բացակայությունը:
Բանախոսների դիտարկմամբ՝ տաքսու վարորդների կողմից բարձրաձայնված խնդիրները ամբողջությամբ լուծելի չեն, քանի որ դրանց ամբողջական կատարումը ենթադրում է նոր խնդիրներ: Վահագն Սահակյանն էլ, անդրադառնալով լիցենզավորման գործընթացին, ընդգծեց՝ պետք է լիցենզավորվի ոչ միայն մեքենան, այլև վարորդը:






































