«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը, որը նաև կենսաթոշակային ապահովագրության դեմ պայքարի շարժման ակտիվիստներից էր, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սխալ է այն մտայնությունը, թե ինքնաբավ մարդիկ փողոց չպետք է դուրս գան:
Նրա խոսքով՝ սեփական իրավունքների համար պայքարի չափանիշը պետք է լինի այն, թե որքանով է մարդը գնահատում ինքն իրեն, և այն իրավիճակը, որ գոյություն ունի տվյալ պահին:
«Կանայք պետք է ունենան ոչ միայն սատարողի ու աջակցողի դեր, այլև առաջատարի, որոշում կայացնողի: Կարծում եմ՝ այսօր հասարակությունն էլ տարօրինակ որևէ բան չի տեսնում այն բանում, որ կանայք պատրաստ են պայքարել մարդու տարրական իրավունքների պաշտպանության համար»,- նկատեց տիկին Թանդիլյանը:
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենքները, ինչպես շատ այլ դեպքերում, մնում են թղթի վրա, և թեև այդ օրենքները կան, սակայն մենք առնչվում ենք բոլորովին այլ իրողության՝ սկսած կենցաղից, մշակույթից, վերջացրած ավանդույթներով. «Սակայն երբեմն կանայք իրենք են կրողը այդ խտրականության, նրանք հաճախ իրենց դերը թերագնահատում են և իրենց տանում են երկրորդ պլան՝ տեղը զիջելով տղամարդկանց: Ի վերջո՝ աշխարհի կեսը կին է, կեսը՝ տղամարդ, և բնությունից տրված այդ ներդաշնակությունը պետք է պահպանվի ամեն տեղ»:
Նրա խոսքով՝ զարգացումն անհրաժեշտություն է, իսկ այդ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է կանանց ներգրավվածությունը, մինչդեռ հայ կնոջ պոտենցիալը շատ քիչ է օգտագործվում: