«ՀՀ-ում ծնելիության ցուցանիշը դեռևս դրական է, մենք ունենք ծնելիության աճ, բայց այն միտումները, որ գրանցվում են Հայաստանում, և այն թվերը, որ հիմա առկա են, վկայում են, որ եթե մենք համապատասխան մոտեցումներ չցուցաբերենք, հեռահար առողջապահական ծրագրեր չիրականացնենք, ապա մեզ համար խիստ մտահոգիչ պատկեր կստեղծվի»,- այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ նկատեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանում նվազել է ծնելիությունը։ Եթե 1990-ական թվականներին Հայաստանում ծնվել է 80 հազար երեխա, ապա այս պահին Հայաստանում գրանցվում է 43-44 հազար երեխայի ծնունդ։ «Միտումը դեպի բարձրացում գնում է, բայց անգամ այդ պարագայում եթե այս տեմպը շարունակվի, ապա 2035 թվականին մենք կունենանք երեխաների թվի նվազում 2 անգամ։ Իհարկե, սա մտահոգիչ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խնդրի լուծումը պետք է սկսել պատճառների, խնդիրների վերհանումից։
Պատճառներից հիմնականը նախարարը նշեց սոցիալ-տնտեսականը, արժեհամակարգը և ժողովրդագրական խնդիրները։
Առողջապահության նախարարի խոսքով՝ կառավարության մշակած՝ ցածր եկամուտներով երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու նոր ծրագիրը կնպաստի նաև ծնելիության աճին։ Ինչը նա ողջունելի համարեց։










































