Բանաձևը, որը կընդունվի մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին, Աթենքի կողմից հավանության կարժանացվի միայն այն դեպքույմ, եթե այն նախատեսի ԵՄ բոլոր երկրներում փախստականների համաչափ բաշխում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունական Star հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նա հաստատել է իր մտադրությունը՝ արգելափակելու ԵՄ բոլոր որոշումներն այնքան ժամանակ, քանի դեռ փախստականների հոսքի հետ կապված ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը համաչափ չեն բաշխվի ԵՄ-ում։
Ցիպրասը ծրագրում է մարտի 4-ին Աթենքում հանդիպում անցկացնել հունական խորհրդարանի խոշոր կուսակցությունների ղեկավարների հետ։ Բանակցությունների թեման կդառնա միգրացիոն ճգնաժամը, մասնավորապես՝ ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում Աթենքի դիրքորոշումը։
Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Աթենքը սպասում է, որ Մակեդոնիայի կողմից սահմանի փակման պատճառով մոտ օրերս Հունաստանում ավելի քան 100 հազար փախստական կկուտակվի։
Այդ կապակցությամբ հունական կառավարությունը ԵՄ-ից 470 մլն եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ է խնդրել։ Աթենքը ծրագրում է 50 հազար ներգաղթյալի տեղակայել ճամբարներում, մյուս 50 հազարին՝ երկրի հյուրանոցներում։ Փախստականների գրանցման և անվտանգության ապահովման համար կպահանջվի հավելյալ 8200 ոստիկան։









































