Երկուշաբթի տորնադոյի ուժգին հարվածի տակ հայտնված ամերիկյան Օկլահոմա նահանգի Մուր քաղաքում ավելի քան 50 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 120 վիրավորներ, որոնցից 70-ը՝ երեխաներ: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է: Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվն, ամենայն հավանականությամբ, կաճի: Փրկարարները շարունակում են փլատակներից մաքրել ճանապարհները: Փլատակների տակ կարող են մարդիկ գտնվել:
Քաղաքում հարյուրավոր շինություններ են փլուզվել, այդ թվում՝ տարրական դպրոցի շենք: Տարերային աղետի հարվածի պահին այնտեղ մոտ 75 երեխա է եղել:
Տորնադոն տապալել է ծառեր, վնասել էլեկտրալարերը, պոկել տների տանիքները, շրջել մեքենաները: Քաղաքում չի գործում բջջային կապը, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության նախնական տվյալներով՝ քամու արագությունը կազմել է 320 կմ/ժամ:










































