Fox News հեռուստաալիքը Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից իր լրագրողների նկատմամբ իրականացված գաղտնալսումները համարում է մահափորձ մամուլի ազատության դեմ: Այս մասին հայտնել է հեռուստաալիքի փոխնախագահ Մայքլ Կլեմենտեն՝ փոխանցում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ 2010 թվականին FBI-ն հետևել է Fox News-ի վաշինգտոնյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Ռոզենին՝ ի հայտ բերելով Հյուսիսային Կորեայի մասին գաղտնի տեղեկության արտահոսքի համար պատասխանատու Պետդեպի աղբյուրները:
Փոխնախագահը ԱՄՆ իշխանությունների գործողություններն անվանել է պարզապես վախեցնող: «Մենք վրդովվել էինք՝ իմանալով, որ Ջեյմս Ռոզենին անվանել են հանցագործության մասնակից միայն այն բանի համար, որ նա կատարել է իր աշխատանքը որպես լրագրող»,- ասել է Կլեմենտեն: Նրա խոսքով՝ այդ միջադեպը մահափորձ է մինչ օրս ազատ համարվող մամուլի դեմ:
Օրերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեկ այլ գործ՝ ըստ այդմ, հետևելով Associated Press գործակալության լրագրողների հեռախոսային խոսակցություններին: Դա անհանգստություն է առաջացրել ոչ միայն լրագրողների մոտ, այլև քաղաքական շրջանակներում, քանի որ ԱՄՆ-ում մամուլի ազատությունը պաշտպանված է Սահմանադրությամբ:











































