Հավակնորդների մրցաշարի մեկնարկից առաջ Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Sport Express-ի թղթակցին:
«Հաճույքով եմ մասնակցում հավակնորդների մրցաշարին: Հասկանում եմ, իհարկե, որ սա մի մրցաշար է, որի հաղթող կարող է դառնալ ցանկացած շախմատիստ: Սակայն սովորաբար հաղթում է ուժեղագույնը:
Չի լինում այնպես, որ մեկը լավ արդյունքներ գրանցի, այնուհետև վերջին տեղը զբաղեցնի: Կարծում եմ՝ այս մրցաշարին երբևէ պատահական մարդ չի մասնակցել:
Որակական թռիչք եմ կատարել և սկսել ուժեղ մրցաշարերի հաղթող դառնալ 2002 թվականից: Բեկումնային եմ համարում 2002 թվականին մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հաղթանակը:
2003 թվականին երրորդ տեղն եմ զբաղեցրել Եվրոպայի առաջնությանը, 2004-ին կրկնել եմ արդյունքը: Վերջապես, 2005 թվականին նվաճեցի աշխարհի Գավաթը, որից հետո սկսեցի մասնակցել էլիտար մրցաշարերի:
Վերջերս Երևանում եմ բնակվում: Տանն ինձ լավ եմ զգում: Հարսնացուս նոր է իմ հայրենիք տեղափոխվել, և ես փորձում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ՝ օգնելով հարմարվել»,- Sport Express-ը մեջբերում է Արոնյանի խոսքերը:








































