Մոսկվա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կատարած այցից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ առաջընթաց պետք չէ ակնկալել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Զեռկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովն՝ անդրադառնալով տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Միրկադիրովն ասաց, որ եղել են և դեռ էլի կլինեն այնպիսի հայտարարություններ, թե Ադրբեջանն ու ՌԴ-ն գործընկեր երկրներ են, խնդիրներ չունեն, որ ՌԴ-ն կշարունակի ջանքեր ներդնել ԼՂ շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում: Բայց, նրա համոզմամբ, իրականում, որևէ լուրջ որոշում, էական առաջընթաց չի արձանագրվելու՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև առկա մի շարք հակասությունների պատճառով:
«Հենց երեկ ադրբեջանցի վերլուծաբաններից մեկն ասել էր, թե ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, թեև ես չեմ կարծում, թե դրանք ավելի վատթարացել են: Ո՞վ է կասկածում, որ Ադրբեջանը չի ցանկանում լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ: Տպավորություն է ստեղծվել, թե Ադրբեջանը կարող էր լավ հարաբերություններ ունենալ Իրանի և ՌԴ-ի հետ, սակայն չի ցանկանում, բայց դա հիմարություն է: Պարզապես երկրների միջև կան շահեր, որոնք կարգավորում են նրանց փոխհարաբերությունները, որոնց մասին ես բազմիցս եմ ասել: Այդ շահերը և հետաքրքրությունները հանգեցրել են նրան, որ Գաբալայի ՌԼԿ-ն այլևս չկա, այդ շահերը բերեցին նրան, որ ՌԴ-ն ֆինանսավորում էր ադրբեջանական նավթի տրանսպորտացիայի մի որոշակի հատվածը, բայց դա ևս այսօր չկա: Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է որ բավականին ծանրակշիռ գործընկեր լինի ՌԴ-ի համար, առաջին հերթին մուսուլմանական երկիր է, տնտեսություն, արևելյան տարածաշրջան, սահման Իրանի հետ, շատ այլ հարցերի պատճառով, բայց մյուս կողմից որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորն է: Միամիտ կլինի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում խոսել ՌԴ-Ադրբեջան լավ հարաբերությունների մասին այն դեպքում, երբ Պուտինի նախագահությունից հետո Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում չի կայացել, և չեմ էլ կարծում, թե նման հանդիպում կկայանա մինչ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները: Կան նաև այլ հակասություններ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև։
Այս պայմաններում լուրջ բան ակնկալել չի կարելի, բայց ես չեմ կարող չնկատել Հայաստանի և Ռուսաստանի միջև սրված հարաբերությունները, գազի գնի թանկացումը և այլ հարցեր: Ես ասում էի, որ երկար հնարավոր չէ միանգամից մի քանիսի սիրուհին լինել, թեև իմ համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն ընտրության հնարավորություն չունի, քանի որ ԼՂ հարցում Հայաստանի անվտանգությունը կախված է ՌԴ-ից: Թեև միգուցե ես լավ չեմ ճանաչում և անհարկի կասկածում եմ Սերժ Սարգսյանի վճռականության վրա»,- մեկնաբանեց Ռաուֆ Միրկադիրովը:
Եզրափակելով՝ նա ասաց, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ընտրության առջև են կանգնած, բայց ընտրություն կատարելու հնարավորություն չունեն, որովհետև կա ԼՂ հակամարտությունը, իսկ հակամարտության հանգուցալուծումը մոտ ապագայում տեսանելի չէ:









































