Wednesday, 01 07 2026
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

«Հորս գերեզման, ես Դավիթի կնգան դաժե ձեռով չեմ բարևել…». Արմավիրում տղամարդն իր կնոջ հեռանալու պատճառով դանակով «վրեժխնդիր է եղել»

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Դավիթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:

49-ամյա Դավիթը, ում խնամքին չորս անձ կա՝ չորս երեխա, որոնցից մեկն անչափահաս է, մեղավոր է ճանաչվել տուժող համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալն ու տուժողը, լինելով համագյուղացիներ, նախկինում մտերիմներ են եղել:

2011 թվականի հունվարին Դավիթ Մ.-ի կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է ամուսնուց: Նա մերժել է ամուսնու խնդրանքները՝ վերադառնալ, շարունակել համատեղ կյանքը:

Դավիթ Մ.-ն կասկածել է, որ նախկին կնոջ ու տուժող Հ.-ի միջև սիրային կապ է եղել: Նա պահանջել է, որ Հ.-ն այլևս իր տուն չմտնի: Հ.-ն նրա տուն չի մտել, նրա հետ չի շփվել:

2015 թվականի ապրիլին Դավիթ Մ.-ի մայրը մահացել է: Թաղման արարողությանը մասնակցելու նպատակով շատ համագյուղացիների նման Հ.-ն էլ մտել է Դավիթ Մ.-ի հայրական տուն, բայց վերջինս, նրան տեսնելով, վռնդել է:

Մայիսի 25-ին, ժամը 14-ի սահմաններում Դավիթ Մ.-ն գնացել է գյուղամեջ, որ մեկնի հարևան գյուղ՝ թունաքիմիկատներ գնելու: Երբ նա կանգնած է եղել գյուղի կանգառում, Հ.-ն նույնպես հայտնվել է գյուղամիջում:

Դավիթ Մ.-ն խուսափել է Հ.-ի հետ հանդիպումից, գնացել է մոտակա տաղավարի մոտ, որտեղ համագյուղացի տղամարդիկ  թղթախաղով էին զբաղված:

Դավիթ Մ.-ն խառնվել է հավաքվածներին՝ հույս ունենալով, որ Հ.-ն չի նկատի իրեն, այդ կերպ ինքը կխուսափի հնարավոր խոսակցությունից ու ընդհարումից:

Հ.-ն, իր հերթին, նկատելով Դավիթ Մ.-ին, ցանկացել է պարզաբանում ստանալ, թե ինչն է իրենց հարաբերությունների վատացման իրական պատճառը:

Նա մոտեցել է տաղավարին, 2-3 մետր հեռավորությունից դիմել է Դավիթ Մ.-ին, որ առանձնանան ու խոսեն: Դավիթ Մ.-ն չի ցանկացել նրա հետ առանձնանալ:

Հ.-ն կոպիտ տոնով է խոսել:

Դավիթ Մ.-ն, ըստ դատական ակտի՝ «վրեժի շարժառիթով» հանել է իր մոտ եղած դանակը, հարձակվել է տուժողի վրա, դանակով մեկ հարված է հասցրել նրա որովայնին՝ պատճառելով որովայնի առաջնային մակերեսի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ստամոքսի պատի ու լյարդի վնասումով:

Հավաքվածները ուշացումով, բայց՝ միջամտել են, թույլ չեն տվել, որ կռիվը շարունակվի:

Տուժողին տեղափոխել են գյուղական ամբուլատորիա, ապա՝ մարզային հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են:

Ամբաստանյալ Դավիթ Մ.-ն հայտնել է, որ երբ իր կինը առանց որևէ պատճառաբանության հեռացել է իրենից, բաժանվել է, ինքը փորձել է պարզել նրա հեռանալու իրական պատճառը:

Իր դուստրերը պատմել են, որ հեռանալուց առաջ մայրը նրանց ասել է, թե դեռևս 2008 թվականին, երբ տանը մենակ է եղել, իրենց գոմի դիմաց Հ.-ն դուրս է եկել իր առաջ, բռնել է իր ձեռքից: Կինը սրանից ավել՝ ոչինչ չի ասել աղջիկներին, ասել է՝ դուք փոքր եք, չեք հասկանա, բայց ձեր հայրը կհասկանա…

Դավիթ Մ.-ն էլ այդ սուղ տեղեկատվությունից հասկացել է, որ նախկին կնոջ ու համագյուղացի Հ.-ի միջև կապ է եղել կամ Հ.-ի կողմից անպարկեշտ բան է արվել: Դրա հիման վրա նա կասկածել է Հ.-ին, պահանջել է այլևս իր տուն չմտնել:

Երբ Դավիթի մայրը մահացել է, Հ.-ն գնացել է ցավակցելու, Դավիթը նրան վռնդել է: Իսկ հետագայում պարզապես խուսափել է նրա հետ հանդիպումներից՝ մտածելով, թե նա իրենից հաշիվ կպահանջի կամ կռիվ կանի իր հետ:

Ըստ Դավիթի՝ մայիսի 25-ին գյուղամիջում Հ.-ին տեսնելով՝ ինքը փորձել է խառնվել հավաքվածներին, որ Հ.-ից աննկատ մնա: Բայց Հ.-ն իրեն տեսել, մոտեցել է ու պահանջել է, որ առանձնանան ու խոսեն:

Ինքը հրաժարվել է:

Հ.-ն գոտկատեղից դանակ է հանել ու մետաղե պարան՝ «տրոս», և հարձակվել է իր վրա:

Պաշտպանվելու համար ինքը ոտքով խփել է Հ.-ի ձեռքին: Դանակն ընկել է գետնին:

Բայց Հ.-ն շարունակել է հարձակվել, նա հարվածներ է հասցրել «տրոսով»: Այդ հարվածներից պաշտպանվելու համար ինքը կռացել է, գետնից վերցրել է Հ.-ի դանակը, պահել է նրա ուղղությամբ: Դա էլ Հ.-ին հետ չի պահել, նա շարունակել է հարվածներ հասցնել, այդ ժամանակ էլ դանակը դիպել է նրան:

Ինքը չի էլ նկատել, թե նրա մարմնի որ մասին է դիպել դանակը: Հավաքվածներն արագ մոտեցել ու իրենց բաժանել են: Մեկն իր ձեռքից վերցրել է դանակը:

Ըստ Դավիթ Մ.-ի՝ Հ.-ն է նախահարձակ եղել, ինքը նրան հարվածել է ինքնապաշտպանության նկատառումով:

Դեպքը սկսվելու պահից ինքը գտնվել է շոկային վիճակում, չի հիշում ոչինչ:

Դատարանում, իրեն մեղավոր ճանաչելով, Դավիթ Մ.-ն ասել է, թե չի ցանկացել, որ այդպես լինի: Ստիպված է եղել պաշտպանվել, խուսափել բախումից:

Սկզբում տուժողն է հարձակվել, հայհոյել է իրեն: Ինքը փորձել է փախչել, նա «լարվել է» իր հետևից: Ինքը միշտ վախեցել է նրանից, քանի որ նա վատ ձևով է մոտեցել իրեն, նա «նամարդ է և անմաքուր»… Նրա մոտ դանակ է եղել ու «տրոս»: Նա միշտ դանակ է ունեցել մոտը, ձեռքով իր դեմ չէր կարող… Այդ օրը նա սադրել է, առաջինը հարձակվել իր վրա, նրա գործողություններն անօրինական են եղել: Հետո իրենք «բարիշել», ձեռք ձեռքի են տվել: Ինքը զղջում է կատարածի համար…

Վերաքննիչ դատարանում Դավիթն ասաց, որ տուժողին հարվածել է իր մոտ եղած դանակով, բայց դա արել է վախից ու պաշտպանվելու ցանկությունից…

Տուժող Հ.-ն հայտնել է, որ կնոջ հեռանալուց հետո Դավիթ Մ.-ն սուտ լուրեր է տարածել գյուղում, իբր ինքը սիրային կապի մեջ է եղել նրա կնոջ հետ: Դա սուտ է, նման բան չի եղել: Ինքը մի քանի անգամ փորձել է Դավիթից պարզել սուտ լուրեր տարածելու պատճառը, բայց նա խուսափել է իրենից…

Դեպքի օրը, գյուղամիջում հանդիպելով Դավիթ Մ.-ին, ինքը ցանկացել է պարզաբանում ստանալ: Նա չի ցանկացել առանձնանալ ու խոսել իր հետ: Իսկ երբ ինքը պնդել է պահանջը, նա գուլպայի միջից հանել է դանակը ու հարձակվել է իր վրա:

Իրենք քաշքշել են միմյանց, և Դավիթ Մ.-ն դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնին: Սկզբում ինքը չի հասկացել, որ վնասվել է, միայն զգացել է, որ որովայնը տաքացել է: Երբ համագյուղացիներն իրենց բաժանել են, իրեն մի կողմ են տարել, տեսել է, որ արնահոսում է…

Տուժողն ամբաստանյալին քաղհայցի պահանջ չի ներկայացրել: Նա դատական երկու նիստի է ներկայացել, ասել է, որ բողոք, պահանջ չունի, մեկնում է Ռուսաստան: Դատարանում հետազոտվել են տուժողի նախաքննական ցուցմունքները:

Այս գործով մեղադրողը միջնորդել էր Դավիթ Մ.-ին մեղավոր ճանաչել, դատապարտել ազատազրկման, սակայն նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել ու սահմանել փորձաշրջան:

Ընդհանուր իրավասության դատարանը դատախազի միջնորդությունը երևի ակնհայտ մեղմ համարելով՝ պայմանական դատապարտություն չի կիրառել:

Դավիթ Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի 11 ամիս 15 օր ժամկետով:

Ավելին, ազատության մեջ գտնվող Դավիթ Մ.-ն կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ինչպես ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգյանը, այնպես էլ մեղադրող դատախազ Սահակյանը: Եվ երկուսն էլ նույն պահանջով են բողոք բերել՝ պայմանական դատապարտություն կիրառել ու իրական ազատազրկման չդատապարտել Դավիթին:

Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով մեղավոր ճանաչված, այն էլ՝ սուր կտրող-ծակող գործիքո՛վ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցրած չափահաս  անձի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման խնդրանքով մեղադրանքի կողմը վերաքննիչ բողոք չափազանց հազվադեպ կարող է բերել: Ահա սա այդ հազվադեպ գործերից է, ուրեմն:

Վերաքննիչ քրեական դատարանի միջանցքը լի էր մարդկանցով. ամբաստանյալի հարազատներն էին, համագյուղացիներ, եկել էր նաև գյուղապետը, ներկայացել էր գործով տուժողը:

Ամբաստանյալի չորս երեխաներից երեքը դատարան էին եկել: Դավիթի ավագ երեխաները երկվորյակ տղաներ են, նրանցից մեկը արդեն զորակոչվել է բանակ, զինծառայության մեջ է, իսկ մյուս որդուն առողջական խնդիրների պատճառով տարկետում է տրվել:

Դավիթի մի դուստրը նոր է չափահաս դարձել, մյուս դուստրը դեռ դպրոցական է:

Դատարան ներկայացած երկու դուստրերը այնպես էին հոնգուր-հոնգուր արտասվում հոր համար, որ նույնիսկ շատ ավելի ծանր հանցագործությունների համար ու շատ ավելի տևական ժամկետով ազատազրկված հայրերի զավակներն իրենց այդպես չեն պահում:

Այն, որ այս ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, երևում էր առանց բառերի էլ՝ աղջիկներն իրենց գյուղից երևանյան դատարան էին եկել… հողաթափերով: Հարազատներն ասացին, որ ընտանիքն ապրում է տնակում, չքավոր պայմաններում:

Դավիթի դուստրերը խիստ հիվանդագին են արձագանքել հայրիկին հենց դատարանի դահլիճում կալանքի վերցնելու փաստին, աղջիկներից մեկը նույնիսկ ինքնասպանություն գործելու փորձ է կատարել…

Բանն այն է, որ Դավիթը երկու կին է ունեցել: Չորս երեխաների մայրը, օրերից մի օր չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, կանչել է հորը, չորս երեխաներին թողել է Դավիթի մոտ ու հայրական տուն է գնացել: Դրանից հետո այդ կինը իր երեխաներին չի հանդիպել, նրանց որևէ կերպ չի աջակցել:

Չորս երեխաները մնացել են Դավիթի խնամքին:

2003 թվականին Դավիթն իր տնակ է բերել երկրորդ կնոջը՝ Շիրակի մարզից: Այս կինը համակերպվել, Դավիթին ու նրա չորս երեխաներին խնամել է մինչև 2008 թվականը: Հետո նա հանկարծ, առանց ամուսնուն բացատրություն տալու՝ հեռացել է, գնացել է իր հայրական տուն:

Դավիթը գնացել, խնդրել-աղաչել է, որ կինը հետ գա: Կինը վերադարձել է: Համատեղ ապրել են ևս երկու տարի:

Բայց 2011 թվականին այս կինն էլ, մշուշոտ ակնարկներ անելով հարևան Հ.-ի վարքագծի վերաբերյալ, հեռացել ու այլևս չի ցանկացել վերադառնալ:

Երկու կանանց առեղծվածային հեռացումը, իհարկե, հոգեբանական վերքեր է թողել ոչ միայն Դավիթի, այլ առաջին հերթին՝ բոլոր չորս երեխաների հոգիներում: Հնարավոր է՝ երեխաների մեջ առաջացել է թերարժեքության բարդույթ, նրանք մտածել են, որ իրենց մորը հարկավոր չեն, որ կարող են ապավինել միայն իրենց հորը: Եվ ահա հայրն էլ հայտնվել է կալանավայրում: Ու երեխաները մնացել են անհայրության վիճակում՝ բոլորովին անպաշտպան զգալով իրենց ու անպատրաստ լինելով նման իրավիճակին:

Իր կանանց տարօրինակ հեռացումներից կարող էր բարդույթավորվել նաև ինքը՝ Դավիթը: Իր ուսերին առնելով չորս երեխաների հոգսը, հողագործությամբ զբաղվելով ու տնակային պայմաններում ապրելով, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով՝ նա ևս կարող էր ուրիշների մեջ փնտրել հատկապես երկրորդ կնոջ հեռացման մեղավորությունը:

Այս գործով միգուցե տեղին կլիներ, որ անցկացվեր դատահոգեբանական փորձաքննություն, քանի որ Դավիթի պահվածքը հոգեբանակա՛ն լարվածության կնիք է կրում. նա տնից դուրս է արել իրեն ցավակցելու եկած համագյուղացուն՝ այդպիսով ծանր վիրավորանք հասցնելով նրան, միաժամանակ վախեցել է դեմ առ դեմ այդ մարդու հետ խոսել ու պարզաբանել իր հոգին կրծող կասկածի հիմնավորվածությունը:

Նույնիսկ դեպքի պահին տուժողին հանդիպելով գյուղամիջում ու զգալով, որ նա պարզաբանում է պահանջելու՝ Դավիթը, ըստ գործի տվյալների, փորձել է թաքնվել  հավաքված մարդկանց արանքներում, խառնվել ամբոխին: Երբ արդեն խուսափելու տեղ չի ունեցել, Հ.-ի հետ մնացել է դեմ-հանդիման, բացատրություն չի տվել կամ բացատրություն չի պահանջել: Նա գուլպայի միջից դանակ է հանել: Տուժողն էլ, ինչպես ասաց վերաքննիչ դատարանում, ձեռքն է առել մոտակայքում ընկած մի «ռեմեն»:

Առաջինը տուժողն է «ռեմենով» հարվածել: Հետո դանակով տուժողին մեկ հարված է հասցրել Դավիթը:

Ոչ մեկի վիճակն էլ չի լավացել այս «մենամարտից» հետո:  Իսկ ամենացավալին այն է, որ չորս երեխաները նոր հոգեբանական տրավմա են ստացել, նոր սթրես են ապրել: Հատկապես ծանրացել է վիճակը, երբ Դավիթը կալանքի տակ է առնվել դատարանի դահլիճում:

Առաջին ատյանի դատարանի հատկապես այս որոշումը՝ չորս երեխաների խնամքը կրող, չքավոր պայմաններում ապրող  ամբաստանյալին դատարանի դահլիճում կալանքի տակ առնելու որոշումը, անհասկանալիորեն խիստ է, ամբաստանյալին կալանքի տակ առնելը կարող էր գոնե հետաձգվել ու իրականացվել դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, եթե դատարանն այդ աստիճան անհնարին էր համարել պայմանական դատապարտության կիրառումը…

Ամբաստանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանում ոչ միայն ամբաստանյալի շահերի պաշտպանը, այլև մեղադրող դատախազը խոսեց: Երկուսն էլ միահամուռ խնդրեցին պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամբաստանյալին իրական ազատազրկման չդատապարտել, կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:

Նույնը խնդրեց նաև տուժողը: Նա ասաց, թե ամբաստանյալի հետ հաշտվել է, նրանից որևէ նյութական պահանջ չունի:

Դեպքի վերաբերյալ տուժողն ասաց. «Երբեք ես իրա կնոջը դաժե ձեռով չեմ բարևել, նրան հարգել եմ որպես իմ աղջկա: Այ ձեր ցավը տանեմ ես, ի՞նչ իմանամ՝ կինը ինչի ա հեռացել Դավիթից… Ես էդ մարդը չեմ, որ ուրիշի կնգան բան ասեմ, հորս գերեզման՝ ես էդ կնոջը իմ աղջկա պես եմ հարգել… Խնդրում եմ, չորս երեխա ունի ամբաստանյալը, թողեք, թող գնա իրա էրեխեքին պահի, հնարավորություն տվեք էս մարդուն…»:

Պաշտպանական կողմն իր բողոքում մատնանշել էր, որ ամբաստանյալի որդին առողջական խնդիրներ ունի, մեղադրողն էլ նշեց, թե ամբաստանյալի կրտսեր դուստրն էլ ունի առողջական խնդիրներ, բայց որևէ բժշկական փաստաթուղթ կողմերը չէին բերել, որ ներկայացնեին դատարան՝ ի հաստատումն իրենց հիմնավորումների:

Վերաքննիչ դատարանը ժամանակ տվեց, որ ամբաստանյալի շահերը ներկայացնող կողմերը բերեն ու ներկայացնեն նաև իրենց հիմնավորումները հաստատող փաստաթղթեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում