Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները նավթամուղ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգի Իդիլ շրջանում։
Մինչ այդ PKK-ի զինյալներն Իդիլի շրջանում աչքի էին ընկել բարիկադներ կառուցելով, փոսեր փորելով, ռմբային ծուղակներ պատրաստելով։ Այժմ նրանք պայթեցրել են «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, բայց արդեն Թուրքիայի տարածքում։
Պայթեցված խողովակաշարը պատկանել է թուրքական BOTAŞ պետական ընկերությանը։ PKK-ը օրեր առաջ նույնպես պայթեցրել է «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, փետրվարի 17-ից այն փակ է։ Խողովակաշարով մատակարարվում է օրական մոտ 600.000 բարել նավթ։
Ընդգծվում է, որ PKK-ի այդ հարձակումներից Թուրքիայի չափ տուժում է նաև Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որի ղեկավարությունը դժգոհություն է հայտնում այդ կապակցությամբ։ Խողավակաշարի փակ լինելու պատճառով օրական վնասը գնահատվում է 15 միլիոն դոլար։









































