Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Տեխասում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ սենատոր Մարկո Ռուբիոն «հեշտ ավար» կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, եթե նրա հետ բանակցի: Այս մասին Թրամփն ասել է CNN-ի եթերում:
Նրա խոսքով՝ Ռուբիոն հանրային միջավայրում հուզվում է և ուժեղ քրտնում: «Ահա Պուտինը կհանդիպի մեր նախագահի հետ: Պատկերացնենք, որ նա Մարկոն կլինի»,- ասել է Թրամփը: «Եվ ահա Պուտինը ժամանում է Վաշինգտոն, մտնում է, իսկ նա՝ ամբողջովին թաց, իսկ Պուտինը նայում է նրան, ասում՝ ի՞նչը այնպես չէ այս տղայի հետ: Այնպես որ՝ նա հեշտ ավար կլինի, կարող եք ինձ հավատալ»,- հայտարարել է Թրամփը:
Նա նաև ծաղրել է այն դեպքը, երբ Ռուբիոն Հանրապետական կուսակցության անունից ելույթ ունենալիս նկատելիորեն հուզվել է և մշտապես ջուր է խմել: «Պուտինն ամեն ինչ գիտի Մարկոյի մասին: Երբ նրան նշանակեցին, որ ելույթ ունենար նախագահ Օբամայի խոսքի դեմ, հիշո՞ւմ եք այդ աղետը: Նա այսպիսին էր՝ օհ, օհ, ինձ ջուր տվեք, օգնեք, ջուր, օգնեք: Նա խուճապահար է բեմում»,- ասել է Թրամփը:
Մեկ ուրիշ անգամ՝ հանրապետական բանավեճերին, Ռուբիոն «վախեցած փոքրիկ շնիկի» էր նման՝ ասել է Թրամփը:








































