Ամերիկյան ռազմածովային ուժերի դելֆինները Խաղաղ օվկիանոսի ջրերում հազվագյուտ զենք են հայտնաբերել: Ստորջրյա ականների որոնմանն ուղղված վարժանքների ընթացքում կենդանիները 19-րդ դարի տորպեդ են գտել: Տորպեդը հայտնաբերվել է կալիֆոռնիական Կորոնադո քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Կենդանիների մատնանշմամբ զինվորականները ցամաք են դուրս բերել, այսպես կոչված, «Հոուել տորպեդը», որը մշակվել է 1870 թվականին: Իր ժամանակին այն դարձել էր տեխնոլոգիական բեկում: Հենց դրա ի հայտ գալուց հետո է սկսվել զենքի այդ տեսակի ակտիվ զարգացումը:
Զինվորականները նշել են, որ դելֆինները շատ լավ են կատարել հանձնարարությունը: Նրանց խոսքով՝ այդ կաթնասուններն ունակ են նման օբյեկտները գտնել ավելի լավ, քան մի քանի միլիոն դոլար արժողությամբ տեխնոլոգիաները:









































