Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Հովհաննես Դավթյանի գործի դատական քննությունը:
49-ամյա Հովհաննեսը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Հովհաննեսի թաղեցի տղա է, նրա որդու համարյա հասակակիցը:
Դեպքը կատարվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Երևանի Ռոստովյան փողոցի 21 շենքի մոտ:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Հովհաննեսը վիճաբանել է Գուրգեն Պ.-ի հետ, վիճաբանության ընթացքում նա բահով հարվածել է Գուրգենի գլխին ու նրա առողջությանը ծանր վնաս է հասցրել:
Դեպքից ժամեր առաջ տուժող Գուրգենն իրենց տանը եղբոր՝ Գևորգի ու երկու ընկերների հետ թղթախաղով է զբաղված եղել: Տղաները բլոտ են խաղացել, խմել են, հաց են կերել: Կեսգիշերն անց ընկերները դուրս են եկել, որ գնան իրենց տները: Գուրգենը ցանկացել է ճանապարհել ընկերներից՝ Դավիթին, ով մոտակա շենքում էր ապրում:
Խմիչքի ազդեցության տակ գտնվող Գուրգենը, հաշվի չառնելով, որ գիշեր է, դրսում աղմկել է, ինչի պատճառով նրան դիտողություն է արել ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած Հովհաննեսը:
Գուրգենը կռվազան տոնով է պատասխանել ու ծայր է առել վիճաբանություն և քաշքշուկ:
Գուրգենը հասցրել է զանգել տանը մնացած եղբորը՝ Գևորգին: Նա ասել է, թե փողոցում կռվի մեջ է ընկել:
Գևորգը առանց մտածելու խոհանոցից դանակ է վերցրել, դրել է թևքի մեջ ու վազել է փողոց:
Նա հեռվից տեսել է եղբորը: Նկատել է, որ վերջինս վիճաբանում է ինչ-որ մեկի հետ, իրար քաշքշում են: Հետո տեսել է, որ եղբոր հետ վիճաբանողը ինչ-որ ձողով կամ փայտով խփեց եղբոր գլխին, ու եղբայրն ընկավ գետնին:
Գևորգը վազելով մոտեցել, տեսել է, որ եղբոր գլխից արյուն է գալիս, թևքի միջից հանել է դանակն ու հարվածել է Հովհաննեսի որովայնին՝ պատճառելով չթափանցող վերք, ոչ ծանր վնասվածք:
Գևորգը դանակով հարվածելուց հետո ձեռքը մեկնել է դեպի ընկած եղբայրը, բայց հարված է ստացել ձախ դաստակին, իսկ երբ մարդիկ են հավաքվել ու Գևորգին քաշելով տարել են, մի հարված էլ ստացել է մեջքին:
Բահով հարված, բայց ոչ ծանր վնասվածք է ստացել նաև Գուրգենի հետ գտնվող Դավիթը:
Բոլոր նրանք, ովքեր ոչ ծանր վնասվածքներ են ստացել դեպքի պահին, չեն բողոքել ու գործով միակ ամբաստանյալը Գուրգենի առողջությանը ծանր վնաս հասցրած Հովհաննես Դավթյանն է:
Տուժող Գուրգենը դատական նիստից բացակա է: Նա ամուսնացել ու մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու: Նախապես հայտնել է, որ ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:
Դատարանը հարցաքննում է վկաներին:
Տուժողի եղբայր Գևորգը հայտնեց. «Կարտ էինք խաղում ու գարեջուր էինք ըմպում: Հա, ալկոհոլի ազդեցության տակ էղել ենք՝ ոչ տենց՝ շատ, պռոստը ձեռի հետ համ խաղում էինք, համ խմում էինք, էլի… Ախպորս զանգելուց հետո ես խոհանոցից դանակ վերցրի՝ ապահովության համար, քանի որ հասկացա՝ ախպերս վիճաբանության մեջ է ընկել ու հարկ է համարել ինձ զանգել… Հանգամանքների բերումով՝ չեմ հասցրել հասկանալ՝ ինչն էր վիճաբանության պատճառը՝ մոտեցել եմ, տեսել եմ, որ եղբորս խփեցին, ես էլ դանակով խփեցի եղբորս խփողին… Խոսք-խորաթա չի էղել… Հետո եմ իմացել, որ վեճը եղել է բարձր տոնայնությամբ խոսելու պատճառով, հասկացել եմ, որ իրար չհասկանալու պատճառով են վիճել…»:
Տուժողի ու այս վկայի հայրը դատարանում շատ հուզվել, նույնիսկ արտասվել է: Նա ցավով ասել է. «Իմ էրկու տղեն էլ ինձ բանի տեղ չեն դնում»: Աղմուկի վրա դեպքի վայր առաջինը հասածներից մեկն էլ հայրն է եղել, նույնիսկ իր մարմնով փակել է ընկած որդուն, որ նա էլ հարված չստանա…
Վկա Գևորգը հոր ասած խոսքերի վերաբերյալ նախագահողի հարցին պատասխանեց, որ ինքն ու եղբայրը պարզապես աշխատել են հորը իրենց խնդիրների մեջ չներքաշել…
Վկա Դավիթը, ում դեպքից անմիջապես առաջ ուղեկցում էր տուժող Գուրգենը, հայտնեց, որ ինքն արդեն «հաջող» էր արել ու իրենց շենք էր մտնում, երբ աղմուկ է լսել, շրջվել ու տեսել է, որ Գուրգենը վիճում է: Հովհաննեսը զայրացած էր Գուրգենի բարձր խոսելու պատճառով: Նա ասում էր. «Հելեք ս… էղեք, շենքի դիմաց էս ի՞նչ շուխուռ եք անում»:
Ըստ վկայի՝ Գուրգենը խմած էր ու ագրեսիվ էր պահում իրեն: Հովհաննեսը նրան նույնիսկ ամոթանք է տվել՝ ասելով. «Չես ամաչո՞ւմ, հորդ տարիքի մարդ եմ, առավոտը կգաս՝ տեսնենք՝ էսպես կխոսե՞ս»:
Դավիթն ասաց, թե ինքը փորձել է Գուրգենին հանգստացնել, բայց Հովհաննեսը Գուրգենի գլխին խփել է «լապատկով»: «Տենց կռիվը սկսվավ: Ես Գուրգենին մի կողմ էի քաշում, երբ Հովոն նրան խփեց: Գուրգենն ընկավ: Էդ ժամանակ Գևորը մոտիկացավ… Ժողովուրդը արդեն հելել էր… Բաժանելուց էդ լապատկով ինձ էլ են խփել: Ես էլ ընկա: Գուրգենի հայրիկը էկավ, գոռում էր՝ էս ի՞նչ եք անում… Վեր կացա, մեջքս ցավում էր… Բալկոնից մարդիկ գոռում էին՝ սկոռի կանչեք… Սկոռին Գուրգենին տարավ, ես տուն բարձրացա… Առավոտը մեջքս ցավում էր, չէի կարողանում նստեմ: Սկոռի կանչեցի, ինձ էլ տարան հիվանդանոց: Նույն օրը տուն էկա: Մի քանի օր հետո Հովոյին հանդիպեցի, խոսեցինք, իրար հասկացանք…»:
Հաջորդ նիստին դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը:










































