Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան` մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է.
«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է 20-րդի մեծագույն աղետներից մեկը, որը խլել է հարյուր հազարավոր անմեղ հույների կյանք: Անշուշտ, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ ե՛ւ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ե՛ւ որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել:
Նախքան բուն զարգացումներին անդրադառնալը, կցանկանայի վեր հանել այս սարսափելի ողբերգության արմատները: Ես կպնդեի, որ այս հանցագործությունը միայն Առաջին աշխարհամարտի հետևանքով առաջացած և դրանով սահմանափակվող քաոսային երևույթ չէր: Այն սկիզբ է առնում 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդի օրոք տեղի ունեցած քրիստոնյաների ջարդերից՝ շարունակվելով մինչև 20-րդ դար, երբ Ադանա քաղաքում 1909 թվականին կոտորվեց 30 հազար հայ:
Ավելին՝ 1911 թվականի Սալոնիկի համագումարի ժամանակ Երիտթուրքերի կողմից որոշում կայացվեց, համաձայն որի կայսրության քրիստոնյա ժողովուրդները, որոնք համարվեցին «երկրի առաջընթացը խոչընդոտող անվստահելի տարր», դատապարտվեցին ոչնչացման և ձուլման: Վերոնշյալը ցույց է տալիս, որ դեռ մինչև Առաջին աշխարհամարտը թուրքերը որդեգրել էին ցեղասպան քաղաքականություն՝ նպատակ ունենալով բռնի կերպով ձուլել կայսրությունում բնակվող ողջ քրիստոնյա բնակչությանը:
Քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ճնշումները սկսվեցին 1913-1914 թվականներին Փոքր Ասիայի արևմտյան ափին բնակվող հունական և հայկական բնակչության բռնագաղթով և նրանց հանդեպ վայրագություններով: Դրանք վերահսկվում և ղեկավարվում էին ներքին գործերի նախարար Թալեաթի և դոկտոր Նազըմ Բեյի՝ երիտթուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկի կողմից:
1915 թվականի հոկտեմբերին Օսմանյան կառավարության Ռազմական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք կլուծենք հույների հարցն այնպես, ինչպես լուծեցինք հայերինը»:
Հայերի ցեղասպանությունը դատապարտվեց դեռևս 1915 թվականին միջազգային հանրության կողմից: Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Նույն ճակատագիրն էր սպասում նաև հույներին և ասորիներին:
Հարկ է հիշատակել, որ չնայած Առաջին աշխարհամարտի ավարտին` քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դաժանությունները շարունակվեցին: 1919-1922 թվականներին Պոնտոսի հույները մեծապես տառապում էին Քեմալական Թուրքիայի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունից:
1921 թվականին “The New York Times” թերթը մասնավորապես գրում էր, որ մոտավորապես 700 հազար հույն կոտորվել, արտաքսվել կամ մահացել է սովից հույն-թուրքական պատերազմն սկսվելուց ի վեր: Հույների հանդեպ բռնության այս նոր ալիքը հասավ իր գագաթնակետին 1922 թվականի սեպտեմբերին, երբ Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա: Քաղաքը հրո ճարակի վերածվեց, հունական և հայկական թաղամասերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Այս ողբերգությունը խլեց ոչ միայն 170-250 հազար հայի և հույնի կյանք, այլև ոչնչացրեց նրանց պատմամշակութային հուշարձանները:
Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի վայրագությունները հետևյալ կերպ բնութագրեց. «Քեմալը քաղաքը մոխրի վերածեց և ամբողջությամբ ոչնչացրեց քրիստոնյա բնակչությանը»: Զմյուռնիայի իրադարձություններին անդրադարձավ նաև Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում:
Այս հանցագործությունը ճանաչվեց ժամանակի բազմաթիվ ականավոր գործիչների կողմից: Հետագայում քչերը, սակայն, բարձրաձայնեցին անմեղ քրիստոնյաների հանդեպ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու կարևորության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը:
Ես հպարտությամբ եմ նշում, որ անցյալ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:
Հուսով եմ, որ այլ երկրներ կհետևեն մեր օրինակին և կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արևելքը կանգնած է նույն սպառնալիքների առջև, որոնց առջև մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները և ասորիները: Այժմ էլ Թալեաթի և Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաև լռությանը:
Հետևաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի և սարսափելի էջի կրկնությունը:
Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը, մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլև երազենք, ոչ միայն ծրագրենք, այլև հավատանք: Եվ ես այսօր մի երազանք ունեմ: Ես երազում եմ այն մասին, որ Ցեղասպանության ժխտումը շուտով ավարտվի, քանի որ միայն դրանից հետո վերջ կդրվի ցեղասպանություններին:
Կարծում եմ, որ Օսմանյան և Քեմալական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, դրանց ճանաչումը և դատապարտումը լույս կսփռի և կցրի խավարը: Ես հավատում եմ լույսի հաղթանակին, հուսով եմ՝ նաև դուք:
Շնորհակալություն ուշադրության համար»:








































