Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը մայիսի 23-ին ցուցմունք կտա դատարանում ծառայողական լիազորությունների հավանական չարաշահման գործով այն ժամանակաշրջանում, երբ նա եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարցաքննությունը կայանալու է մայիսի վերջին, սակայն հստակ օր չէր նշվել: Մարտին ֆրանսիացի քննիչները խուզարկություն են կատարել Լագարդի բնակարանում:
2011թ. օգոստոսին Ֆրանսիայի դատարանը, որը հետաքննում է կառավարության անդամների հանցագործությունները, քննչական հանձնաժողովին փոխանցել է գործ Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Քրիստին Լագարդի պաշտոնեական լիազորությունների հավանական չարաշահման վերաբերյալ:
Գործն առնչվում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մերձավոր, գործարար և քաղաքական գործիչ Բեռնար Տապի` 1993թ. Adidas ընկերությունում ունեցած մասնաբաժնի վաճառքին:











































