Ալկոհոլիզմի զարգացման հավանականությունը կախված է նրանից, թե մարդը որ տարիքում է փորձել ալկոհոլ, ընդ որում՝ ամենավտանգավորը 12-14 տարեկանն է : Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով գերմանացի գիտնականների հետազոտությունը:
Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 283 երիտասարդների շրջանում անցկացրած հարցման արդյունքները, որոնց խնդրել են պատասխանել, թե ինչ հաճախականությամբ են ալկոհոլ օգտագործում և երբ են առաջին անգամ այն փորձել:
Ստացված տվյալները ստուգելու համար նրանք մի շարք փորձարկումներ են անցկացրել առնետների վրա: Կրծողներին ալկոհոլ են տվել սեռական հասունության տարբեր փուլերում: Այնուհետև գիտնականները ստացված արդյունքները համեմատել են մարդու օրգանիզմի զարգացման շրջանների հետ:
Արդյունքում հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ ալկոհոլիզմի զարգացման հավանականությունն ամենաբարձրն է այն երիտասարդների մոտ, որոնք առաջին անգամ ալկոհոլային խմիչք են փորձել 12-14 տարեկանում: Սեռական հասունացման այս փուլում օրգանիզմում սկսում է ձևավորվել նեյրոմեդիատոր հորմոնների մշակման համակարգ, և ալկոհոլը կարող է «ինտեգրվել» այդ համակարգում:











































