Երևան-Սևան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երևան:
Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար սկսել են ջարդել նրանց մեքենաները: Արդեն հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը: Այս մասին հայտնում է HayNews.am-ը:
Զինվորի դին «Ֆորդ» մակնիշի մեքենայի մեջ է, որտեղ են նաև նրա հարազատները: Նրանց ուղեկցում են նաև համագյուղացիների մեքենաները:
Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երևան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի:
Լյուքս Ստեփանյանը Մարտունու Վերին գետաշեն գյուղից էր: Վերջինիս ծնողներն ու հարազատները չգիտեն որդու սպանության իրական պատճառները և պահանջում են լսել ճշմարտությունը:
«Մեզ պետք է պատասխան տան, թե ինչու սպանվեց մեր որդին, այդ ինչ վիճաբանություն էր, որ հարթել հնարավոր չեղավ և խլեց Լյուքսի կյանքը»,- HayNews.am-ի հետ զրույցում ասել է հարազատներից մեկը: Նրանք վիրավորված են նաև Պաշտպանության նախարարության անտարբերությունից:
Հիշեցնենք, որ 15.05.2013թ., ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Դ.Խաչատրյանը ձերբակալվել է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:








































