Բարսելոնում Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակներում Samsung ընկերությունը ներկայացրել է տեսախցիկ՝ 360 աստիճանով լուսանկար և տեսագրություն անելու համար: Այս մասին հայտնում է The Verge-ը:
Նորույթն ստացել է Gear 360 անվանումը, այն ունի ակնախնձորի տեսք:
Սարքի ինտերֆեյսը ներկայացված է «Մենյու», «Ձայնագրություն» և «Միացում» կոճակներով և ավելի մեծ սև-սպիտակ դիսփլեյով: Տեսախցիկի հարթ ներքևի մակերևույթը հնարավորություն է տալիս այն դնել գործնականում ցանկացած մակերևույթի վրա: Gear 360-ն ունի մինչև 128 գիգաբայթ ծավալով microSD հիշողության քարտի աջակցություն:
Շրջակա միջավայրի 360 աստիճանն ընդգրկել օգնում են երկու 195 աստիճանով լինզաները, որոնք գտնվում են տեսախցիկի հակառակ կողմերում: Վերջնական արդյունք ստանալու համար օգտագործվում է համակարգչային մշակում: Gear 360-ը համատեղելի կլինի Samsung հեռախոսների որոշ մոդելների հետ, իսկ մնացած օգտատերերի համար առաջարկվում է անհատական համակարգիչների համար հավելված:
Samsung Gear 360-ի վաճառքը նախատեսվում է 2016թ. երկրորդ եռամսյակում:












































