Ադրբեջանում ձերբակալել են բլոգեր Ռաշադ Ռամազանովին, որին կասկածում են թմրանյութեր պահելու մեջ: Այս մասին հայտնում է Contact.az-ը:
Դատարանը նրա համար որպես խափանման միջոց ընտրել է եռամսյա կալանքը: Ռամազանովին մեղադրանք է առաջադրվել «Խոշոր չափերով թմրանյութեր անօրինական պահելու և վաճառքի» հոդվածով: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում՝ ունեցվածքի առգրավմամբ:
Ռամազանովին մայիսի 9-ին ձերբակալել էին Բաքվում, մետրոյի «Հունվարի 20» կայարանի մոտ: Ոստիկանության տվյալներով՝ նրա մոտից առգրավվել էր 9 գրամ հերոին:
Կասկածյալն անձամբ հերքում է թմրանյութեր պահելու մեղադրանքները: Նա կարծում է, որ իրեն հետապնդում են սոցցանցերում իշխանություններին քննադատելու համար:
Ռաշադ Ռամազանովը ակտիվ բլոգեր է, կրոնի, ազատության և արդարության թեմաներով հոդվածների հեղինակ: Ծաղրել է երրորդ ժամկետում Իլհամ Ալիևի առաջադրման հնարավորությունը, ինչպես նաև երկրի ներկայիս իշխանություններին անվանել «հրեշավոր ալիևյան ռեժիմ»:








































