Մայիսի 14-ին եւ 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցով եղել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Այցելության առաջին օրը Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում կայացել է դեսպան Մանուկյանի հանդիպումը համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը եւ Բաթումիի Սբ. Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքային կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ, աջարահայության սոցիալ-տնտեսական վիճակին եւ հոգեւոր-մշակութային կյանքին առնչվող հարցեր: Ներկաներն իրենց առաջարկներն ու տեսլականը ներկայացրին համայնքային կյանքի աշխուժացման եւ համայնքային բոլոր կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք անհրաժեշտ քայլերի վերաբերյալ: Հատուկ առանձնացվել է եկեղեցու կարեւոր դերը համայնքի հոգեւոր-մշակութային կյանքում:
Մայիսի 15-ին կայացել է դեսպան Մանուկյանի հանդիպումը Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, որին մասնակցել է նաեւ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Դեսպան Մանուկյանը շնորհավորել է Աջարիայի կառավարության ղեկավարին նման պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ ինքնավար հանրապետության ղեկավարության հետ համագործակցության խորացման հույս հայտնեց:
Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, այդ թվում` զբոսաշրջային ոլորտում համագործակցությանը, Աջարիայի ԻՀ եւ Հայաստանի Լոռվա մարզի, ինչպես նաեւ փոխադարձաբար չորս քույր քաղաքների գործակցության աշխուժացմանը, հայ համայնքի առանձին խնդիրների լուծմանը Աջարիայի կառավարության կողմից աջակցությանն առնչվող հարցեր:
Դեսպան Մանուկյանը եւ Աջարիայի ԻՀ կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա համագործակցությունը քննարկված խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու եւ բազմաոլորտ շփումներն առավել խորացնելու ուղղությամբ:








































