2.6 միլիարդ տարվա վաղեմության անշարժ ջրերը, որոնք գտնվում են Կանադայի տարածքի հանքերի՝ գետնի խորը ընդերքում, կարող են կենսատու լինել: Գիտնականները եկել են նման եզրակացության՝ ուսումնասիրելով հնագույն աղբյուրների նմուշների քիմիական կազմը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հայտնագործությունը հուսադրում է, որ նման բան կարող է գտնվել Մարսում: Վերջին հետազոտությունը կօգնի նաև ավելին իմանալ Երկրի մթնոլորտի և կյանքի համար դրա պիտանելիության մասին. չէ՞ որ երկար տարիներ առաջ Երկիրը միանգամայն այլ էր:
«Այն մասին, որ ջրերը կարող են այդքան երկար պահպանվել Երկրի վրա, մենք իմանում ենք առաջին անգամ: Դա մի ողջ նոր աշխարհ է, մեր մոլորակի նոր հիդրոսֆերա: Մենք երբեք չենք էլ ենթադրել, որ կարող ենք ստանալ 2 միլիարդ տարվա վաղեմության գազի և հեղուկի նմուշներ»,- բացահայտման առիթով մեկնաբանությամբ է հանդես եկել Տորոնտոյի համալսարանի կենսաքիմիկոս Բարբարա Շերվուդ Լոլարը:
Այժմ հետազոտողները ծրագրում են զբաղվել հնագույն ջրերում կյանքի որոնումներով: Եթե այնտեղ հայտնաբերվեն միկրոօրգանիզմներ, ապա դրանք կլինեն այնքան հին, որքան նրանց բնակության միջավայրը:









































