ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ այսօր ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու պայմանավորվածություն չկա: ՀՀԿ-ում իհարկե որևէ մեկի հայտարարությունը, բացի Սերժ Սարգսյանից և գուցե նույնիսկ նրան էլ ներառյալ, չի կարող համարվել երաշխավորված: Դրա բազմաթիվ վկայություններ կան տարբեր դեպքերի առիթով: Խնդիրն այն է, որ հայաստանյան իրադարձությունները, ըստ էության, թևակոխել են մի տարերային ընթացքի մեջ, երբ իշխանությունն ինքը, ըստ էության, արձագանքում է իրադարձությունների զարգացմանը: Այստեղ նաև հենց այդ իրողությունն է պատճառը, որ իշխանությունը ընդդիմությունից գրեթե միշտ առնվազն մի քանի քայլ առաջ է:
Բանն այն է, որ իշխանական կարգավիճակը ենթադրում է համեմատաբար առավել բարձր ինֆորմացվածություն, ինչն էլ բերում է առավել արագ արձագանքի: Բայց, բոլոր դեպքերում, Հայաստանի ներքաղաքական գործընթացները զարգանում են պոստֆակտում ռեժիմում, և հենց դա է նաև պատճառը, որ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի վերաբերյալ բանակցությունները զարգանում են անգամ կողմերի համար անորոշ տրամաբանությամբ և ժամանակացույցով:
Սրան զուգահեռ, եթե իրավիճակը համադրենք Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ելույթին, ապա ստացվում է շատ հետաքրքրական պատկեր: Մասնավորապես, ելույթի այն հատվածի հետ զուգորդման պարագայում, որտեղ Սերժ Սարգսյանը մեղադրում էր ինչ-որ պաշտոնյաների մամուլին կաշառելու կամ մամուլի պատվերների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Թե հատկապես ում նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ դժվար է ասել, կարող ենք միայն կռահել, սակայն կասկածից վեր է, որ նա նկատի ուներ մարդկանց կամ խմբերի, որոնք իշխանության մեջ ունեն որոշի դերակատարում և հավակնություններ, այլապես Սերժ Սարգսյանը հազիվ թե հարկ համարեր այդ խնդրին անդրադառնալ իր «պատմական» ելույթում: Եթե անդրադարձել է, կնշանակի այդ խնդիրը համարել է կարևոր, այդ գործիքը իր համար համարել է խնդիր, որի առաջ կանգնում է իշխանական որևէ անհատի կամ խմբի պատճառով:
Այս տեսանկյունից հետաքրքրական է համադրությունը տեղեկատվական այն հոսքերի հետ, որ մամուլում պարբերաբար հայտնվում են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն գործընթացի ժամանակացույցի վերաբերյալ: Պարբերաբար, գործնականում առաջին իսկ օրից, երբ Հրանտ Մարգարյանը կոալիցիոն համաձայնության մասին հայտարարեց հրապարակավ, մամուլում տեղեկություններ են հայտնվում կոնկրետ ժամկետների և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք հետո ՀՀԿ-ականները ստիպված են լինում հերքել: Խնդիրն այն է, որ նմանօրինակ տեղեկատվական հոսանքը, ըստ էության, խոչընդոտ է բանակցություններին, եթե դրանք փակ են ընթանում: Այսինքն՝ ըստ էության ստացվում է, որ ՀՀԿ-ից որոշակի անհատներ կամ խմբեր մամուլի միջոցով տորպեդահարում են ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի բանակցությունները, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը հարկ է համարում սաստել «մամուլին պատվերներ» իջեցնող պաշտոնյաներին: Իսկ այն, որ ՀՀԿ-ում կան շրջանակներ, որոնց համար ՀՅԴ-ի հետ կոալիցիան ոչ միայն ավելորդ է, այլ նաև վտանգավոր, թերևս անցնող շաբաթների ընթացքում ապացուցվել և ակնհայտ է եղել այնքան, որ նորի կարիքն այլևս չկա:
Թեև պետք չէ բացառել և այն, որ Սերժ Սարգսյանը հենց ինքն էլ իրականացնում է տեղեկատվական այդ զուգահեռ հոսքը, բայց պատասխանատվությունը դնում ՀՀԿ-ի որոշ շրջանակների վրա՝ մի կողմից այդպիսով ստեղծելով ներկուսակցական մեղադրանքների կամ նախատինքի այսպես ասած ինֆորմացիոն առիթներ, մյուս կողմից, իհարկե, ՀՅԴ-ի համար թանկացնելով բանակցությունների արժեքը:








































