Google ընկերությունն ավելացրել է Google+ սոցցանցում լուսանկարների ավտոմատ մշակման նոր գործառույթներ և դրանք «ամպային» ծառայությունում լիարժեք չափսերով պահպանելու հնարավորություն: Օգտատերերը կարող են մինչև 15 գբ ամբողջական չափսերով լուսանկարները պահպանել անվճար:Այս մասին Սան Ֆրանցիսկոյում Google I/O կոնֆերանսի բացման ժամանակ հայտարարել է ընկերության թոփ մենեջեր Վիկ Գանդոտրան:
Այդպիսով՝ Google-ը ցանկանում է ընդգծել իր սոցցանցը խոշոր մրցակցի՝ Facebook-ի ֆոնին: Դեռևս 2011-ի հոկտեմբերին Google+ սոցցանցում հայտնվել էր լուսանկարների առցանց խմբագրման Creative Kit հավաքածուն:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նոր հնարավորությունը թույլ կտա ավտոմատ կերպով կարգավորել գույները, համաչափ դարձնել մաշկի գույնը: Google+ ցանցը կարող է ավտոմատ կերպով ճանաչել լուսանկարներում գտնվող մարդկանց ու տեսարժան վայրերն ու ինքնուրույն համապատասխան թեգեր կազմել:
Նոր գործառույթներից բացի, Գանդոտրան ներկայացրել է նաև սոցցանցի լրատվական ժապավենի թարմացված դիզայնը, որտեղ տեղեկատվությունը «կհոսի» ոչ թե մեկ գծով, այլ երեք սյունյակներով: Եթե սարքի ինտերֆեյսը չի կարողանում այն որակյալ ցույց տալ, այն ավտոմատ կերպով վերածվում է երկու կամ մեկ սյունյակի:








































