Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու ԵՄ-ն պատրաստվում են համապարփակ համագործակցության։ Այդ մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով հանդիպելու է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Ինչպես նշել է Զարիֆը՝ Իրանն ու ԵՄ-ն պատրաստ են ձեռնամուխ լինել համապարփակ համագործակցության: Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև՝ Սիրիայի ու Եմենի տարածաշրջանային ճգնաժամերը։
Խոսելով Սիրիայի հակամարտության կարգավորման մասին՝ Զարիֆը ներկայացրել է Իրանի դիրքորոշումը, որի համաձայն՝ Սիրիայի ժողովուրդը կարիք չունի, որ իր փոխարեն որոշումներ ընդունի մեկ ուրիշը. «Սիրիայի քաղաքացիներն իրենք կարող են վճռել իրենց ճակատագիրը»։











































