Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության էր հասել «Հանովեր»-ի նկատմամբ։ Միակ ու հաղթական գոլը հրաշալի հարվածով խփել էր Հենրիխ Մխիթարյանը։
«Մխիթարյանը գերազանց գործեց։ Նա եզրից դեպի կենտրոն տեղաշարժվեց ու հարվածեց։ Բոլորս գիտենք՝ ինչ հզոր հարվածների է տիրապետում Մխիթարյանը։ Մեզ շատ էր անհրաժեշտ այդ գոլը։
Դեռ առաջին խաղակեսում էինք ցանկանում հաշվի մեջ առաջ անցնել, բայց դա մեզ չէր հաջողվում։ Դա մեր լավագույն խաղը չէր, բայց կարողացանք հաղթել Միկիի շնորհիվ»,- նշել է Ռոյսը։
Հենրիխը հրաշալի մրցաշրջան է անցկացնում։ Նա «Բորուսիա»-ի կազմում բոլոր մրցաշարերում խփել է 18 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում։










































