Մայիսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում քաղաքական և քաղաքացիական ուժերին հրավիրել Էր մասնակցել մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում իր նախաձեռնած հանդիպմանը: «Ով իրեն համախմբման ենթակա Է համարում, ով հարգում Է ժողովրդի փետրվարի 18-ի ձայնը, ով հավատում Է, որ մայիս 5-ին խեղդվեց ժողովրդի ձայնը հերթական անգամ, ես հրավիրում եմ. գրավոր չեմ ուղարկում: Եկեք»- ասել Էր Րաֆֆիհն:
Ուժերի մեծ մասը չի կողմնորոշվել՝ ընդունե՞լ առաջարկը, թե ոչ: Մասնակցության ամենափոքր հավանականությունը ՀՀԿ-ի մոտ Է: ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ կուսակցության օրակարգում նման հարց չկա. «Չեմ կարծում, որ մասնակցենք: Այդ հարցը չենք էլ քննարկել»: ՀՅԴ-ն «Անի, պլազա» այցելելու որոշում դեռևս չունի: Հայտնի չէ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի դիրքորոշումը:
Արտախորհրդարանական ուժերից մասնակցելու են «ժողովրդավարական հայրենիք»-ը և «ժողովրդավարական ուղին»: «Քանի որ մտահոգված ենք ժողովրդի ճակատագրով, մասնակցելու ենք: Նույնիսկ կարևոր չէ ձևաչափը, ելույթների բովանդակությունը: Կարևորն այն է, թե ինչ քայլեր է պատրաստ անել Րաֆֆի Հովհաննիսյանը»,-ասել է ԺՈԻԿ նախագահ Մանավել Գասպարյանը: Հայոց համազգային շարժում կուսակցության վերածննդի նախաձեռնողներից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Հյկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը դեռ չեն քննարկել:
Նախախորհրդարանի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը նշել է, որ մայիսի 19-ին հանրահավաք են նախաձեռնել Վանաձորում և դժվար է ասել՝ կհասցնե՞ն մասնակցել Րաֆֆու հրավիրած միջոցառմանը, թե ոչ: «Մենք միշտ մասնակցել ենք: Մենք բաց ենք համագործակցության համար, բայց միայն մեր ծրագրի շրջանակներում, և եթե մեք սկզբունքներին չի հակասում»,-հայտնել է Սիմոնյանը:









































