Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) չորեքշաբթի օրը, Վիեննայում կայանալիք հանդիպման ժամանակ Իրանի հետ հարաբերությունները հարթելու համար կգործադրի բոլոր ջանքերը: Այս մասին բանակցություններից առաջ հայտարարել է ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մեր նպատակն է ավարտել կառուցողական մոտեցման վերաբերյալ աշխատանքը, որը կօգնի լուծել անլուծելի դարձած հարցերը՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ: Տարակարծություններ կան, սակայն մենք լրջորեն տրամադրված ենք լուծել բոլոր խնդիրները»,- ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսը:
Չորեքշաբթի օրը սկսված բանակցությունները 2012-ից ի վեր 10-րդն են: Իրանի պատվիրակությունը կգլխավորի ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:









































